«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախից տեղահանված մեր հայրենակիցների մի մասը տեղափոխվել է Արարատի մարզի Վեդի քաղաք, որի ղեկավարն Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանն է։ Վեդեցիներից մեկը պատմեց, որ արցախցիներին տեղավորել են մի շինության մեջ, որը քոլեջի նախկին շենքն է՝ դա վաղուց լքված շենք է, որտեղ ոչ ոք չի ապրել եւ այժմ ո՛չ կոմունալ հարմարություններ կան, ո՛չ բաղնիք, ո՛չ նույնիսկ սենյակներ։ Պատուհաններին ապակի չկա, արցախցիները պոլիէթիլենային թաղանթ են գնել, որպեսզի պատուհանները ծածկեն։ Վեդու համայնքապետարանից փորձեցինք ճշտել տեղեկությունը՝ հարցրինք, թե որտեղ են տեղավորել արցախցիներին։
«Տարբեր տեղեր տեղավորել ենք, համայնքապետարանը զբաղվում է այդ հարցով, մեզ մոտ հաշվառվում են, համայնքապետարանը տեղավորում է»,- պատասխանեց աշխատակիցը։ Իսկ ճի՞շտ է, որ քոլեջի շենքում եք տեղավորել։ «Այո, մի մասն այդտեղ է, ճիշտ են ասել»։
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարգավիճակ է ունեցել այդ շենքը՝ մինչեւ արցախցիներին տեղավորելը։ Աշխատակիցն ասաց, որ չգիտի։
Մեր աղբյուրն ասաց, որ շենքում հոսանք կա, պատրաստվում են բաղնիք կառուցել, այսինքն՝ արցախցիներին այս լքված շենքում երեւի պատրաստվում են երկար պահել»: