«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2022-ի տարեվերջին կառավարության նիստերից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ճանապարհների՝ խոստացված տարեկան 500 կմ վերանորոգմանը, նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք կատարվել կամ կատարվում է տրված խոստումը, ինչին ի պատասխան` տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը հայտարարեց, որ ոչ միայն կատարել են խոստումը, այլ նաեւ գերակատարել են 20 կմ-ով:
«Փաստերի ստուգման հարթակ»-ն ուսումնասիրեց վերջին 3 տարիներին երկրում իրականացված ասֆալտապատման աշխատանքները եւ պարզեց, որ թեեւ նախորդ տարիներին Հայաստանում իրականացված ասֆալտապատման աշխատանքները, նախորդ տարիների համեմատ, ռեկորդային են, սակայն չեն իրականացվել այն ծավալով, որով խոստանում են ներկայիս իշխանությունները։ Սկսած 2020 թվականից՝ իշխանությունները յուրաքանչյուր տարի խոստացել են կառուցել 500 կմ ճանապարհ։ Այս թվի մեջ չեն մտնում Հյուսիս-հարավ ճանապարհի եւ համայնքային սուբվենցիոն ծրագրերով ասֆալտապատված ճանապարհները։ 2020 թվականին, ի հակառակ կառավարության խոստման, Հայաստանում ասֆալտապատվել է մոտ 388 կմ ավտոճանապարհ։ Հաջորդ՝ 2021 թվականին եւս կառավարությունը խոստացավ կառուցել 500 կմ ճանապարհ։
Ավելին՝ տարեվերջին կառավարության նիստերից մեկում վարչապետին զեկուցվեց, որ տարվա համար նախատեսված 500 կմ ճանապարհի միջին նորոգման ու հիմնանորոգման խոստումը կատարվելու է, սակայն 2021-ի համար եւս խոստացված եւ զեկուցված 500 կմ ճանապարհը չի վերանորոգվել։ 2021-ին Հայաստանում վերանորոգվել է մոտ 386 կմ ավտոճանապարհ։ 2022-ին եւս կառավարությունը սահմանեց 500 կմ ճանապարհների վերանորոգման/կառուցման նշաձող։ Իրականում նախորդ տարի եւս կառավարությունը չի կատարել տված խոստումը: Ընդհանուր առմամբ, 2022-ին Հայաստանում նորոգվել է 486 կմ ավտոճանապարհ։ Այսպիսով, փաստենք, որ վերջին 3 տարիներին կառավարության կողմից խոստացված տարեկան 500 կմ ճանապարհների կառուցման եւ վերանորոգման խոստումները ոչ մի անգամ իրականություն չեն դարձել, իսկ նախորդ տարիներին հիմնանորոգված ճանապարհների մի մասը 2022-ին կրկին ներկայացվել են որպես հիմնանորոգված։
Եվ եթե կրկնակի հիմնանորոգումները չհաշվենք, ապա կստացվի, որ 2022-ին վերանորոգվել է ոչ թե 486, այլ 381 կմ ճանապարհ։ Ստացվում է՝ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»: