«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 25-ի երեկոյան առանց այդ էլ օրհասի մեջ գտնվող Արցախում սարսափելի ողբերգություն տեղի ունեցավ: Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքի բենզինի պահեստում անհայտ պատճառներով տեղի ունեցավ պայթյուն: Հարյուրավոր մարդիկ, որ հավաքվել էին այդ պահեստի մոտ՝ Հայաստանի Հանրապետության տարածք հասնելու համար որոշ չափով վառելիք ստանալու համար, վայրկենապես հայտնվեցին կրակի ճիրաններում:
Վերջերս շրջանառված տեղեկության համաձայն, միայն այդ պայթյունից զոհվել է 238 մարդ, ևս 22 հոգու ճակատագիրը մինչ օրս անհայտ է ու այդպես էլ, հնարավոր է, անհայտ մնա: Հարյուրավոր մարդիկ էլ ծանր այրվածքներ ստացան, վիրավորներ կան, որ մինչ օրս չեն ապաքինվել: Ինչն է հատկանշական. կատարված ողբերգության հետ կապված սուգ չհայտարարվեց: Կարծես այդ մարդիկ մերոնք չէին, մեր ազգակիցներն ու հայրենակիցները չէին, կարծես միևնույնն էր, թե ինչ է կատարվել: Բայց դա չէ միայն: Աղետներն ու բազմաթիվ մահերը Փաշինյանի ու ՔՊ-ի կառավարման այս 6 տարիներին, սոսկալի է հնչում, բայց սովորական, առօրեական մի բան են դարձել, ըստ այնմ՝ մարդկային նկարագրից զրկելով թե՛ անհատների, թե՛ հավաքականությանը:
Ո՞վ է հիմա հիշում, որ 2020-ի պատերազմից առաջ առնվազն 11 մարդ մահացավ «տեխնիկական սպիրտից» պատրաստված «օղի» օգտագործելու հետևանքով: Որևէ մեկը հիշո՞ւմ է, տեղյա՞կ է, թե այդ խայտառակ եղելության «գործի» քննությունն ինչով ավարտվեց: Այսպես կոչված՝ «պինցետով, տնական արաղով» հաղթահարելի կորոնավարակի համաճարակից ավելի քան 10 հազար մարդ մահացավ: Մեր այդ հայրենակիցների հիշատակի հավաքական օր հայտարարվե՞ց: Ո՛չ: Կարծես դա մեր հայրենակիցները, մեր հարազատները չէին: Փաշինյանը 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրեց տխրահռչակ «կապիտուլյացիոն հայտարարությունը»՝ պատերազմում ավելի քան 5000 զինվորների ու սպաների մահվան մատնելուց հետո:
Մեր այդ լուսավոր տղաների հիշատակը հարգելու համար սգո օր հայտարարվե՞ց: Ո՛չ: Միայն Փաշինյանի «լայվային» բացականչությունները հնչեցին, թե՝ «եկել է քաղաքացու վրեժի ժամանակը…»: Հիշեք 2021-ի մայիսի սրացումները, 2022-ի սեպտեմբերյան մարտերը: Զոհեր, զոհեր, զոհեր: Ոչ մեկի դեպքում իշխանությունները որևէ կերպ հաղորդակից չեղան, անհաղորդ մնացին: Միանգամից 15 զինվորական այրվեց «զորանոցի» տակ հարմարեցված ինչ-որ կիսաբարաքային շինության մեջ…
Ու էլի՝ ոչ մի խոսք քրեական վարույթի ընթացքի մասին: Եթե մի չորրորդական կարգի երևույթի վերաբերյալ «թեմա» լինի, անմիջապես կտարածեն, կարձագանքեն, կմեկնաբանեն: Կարևորը՝ տակը քաղաքական աստառ լինի: Իսկ մարդկային տասնյակ, հարյուրավոր, հազարավոր կյանքերը… ոչի՞նչ: Լավ, այս իշխանությունը հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել, ըստ այդմ՝ պիտի լռեն, սգո օր չհայտարարեն, փորձեն մոռացության տալ: Իսկ մե՞նք, մյուսնե՞րս: Իսկապե՞ս անհաղորդ ու անկարեկից ենք դառնում, թե՞ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց մահը դարձնել «սովորական մի բան»: Եվ այդպես ո՞ւր ենք գնում: Դեպի ապագա՞: