Այդ հայտարարությունները այսօրվա վիճակով երբեմն դրական, երբեմն մերողական, երբեմն հաստատական, երբեմն կասկածական արտահայտության ձեւերով են. այսօր՝ նոյեմբերի 25–ին, Մայր Աթոռում Եպիսկոպոսաց ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կպաշտպանի Վեհափառին, եթե վարչապետ Փաշինյանը իրականացնի իր խոստացած հոգեւոր հավաքը՝ ուղղված վեհարանը կաթողիկոսից ազատելուն։
«Երբեմն ասում է՝ լինելու է, երբեմն ասում է՝ չի լինելու, երբեմն ասում է՝ ընդամենը դա աղոթքի համար է լինելու։ Ես չեմ կարող այս պահին գուշակել ու պատասխանել։ Ես չեմ ասում՝ այո, կամ ոչ։ Դուք ձեր ուզած պատասխաններն եք ուզում։ Ես հուսամ, որ նման լարում և ծայրահեղ վիճակ չի լինի։ Դա կլինի լավագույնը։ Արդյոք հնարավոր չէ գտնել լուծումներ, որպեսզի այդ տեսակ լարվածություն չլինի, նաև ձեր մեջ նման լարվածություն չլինի։ Մեր բոլորի երազանքն է ունենալ խաղաղ, ապահով երկիր, որտեղ բոլորս ապրենք հանգիստ, խաղաղ։ Երկու կողմերի համար էլ կան ճանապարհներ և կարող են դրանք գտնվել։ Եթե ես լուծում առաջարկեմ, կլինի սխալ, դրա համար պետք է լինեն ժողովներ»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականները մասնակցել էին Վայոց ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագի։ Այն մատուցել է Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը։ Պատարագի ընթացքում չի հիշատակվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունները, ինչպես սովորաբար լինում է։
Այսօր Մայր Աթոռում գումարվել է եպիսկոպոսաց ժողով, որի օրակարգում են նաև եկեղեցականների վարքին վերաբերող հարցերը։




