Azg.am-ի զրուցակիցն է ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի խորհրդական, բժշկական գիտությունների թեկնածու Դավիթ Պետրոսյանը։
–Պարոն Պետրոսյան, ՀՀ կառավարությունն օրերս հաստատեց առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգի հայեցակարգը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ համակարգը լիարժեք կգործի 2027 թվականից։ Ի՞նչ հնարավոր ռիսկեր եք տեսնում գործընթացի՝ պարտադիր լինելու մեջ։
– Կարծում եմ՝ շատ մեծ ռիսկեր չկան։ Չի լինի այնպես, որ առողջապահական համակարգը միանգամից պարալիզացվի կամ մարդիկ մնան առանց բուժօգնության։ Ոչ մի վատ բան չեմ սպասում։
Յուրաքանչյուր երկրի համար նման համակարգը պարտադիր է։ Դա ամենաճկուն ձևն է, որով կարող են կարգավորվել ազգաբնակչության առողջապահական հարցերը։
Ծրագիրը, որը հաստատվել է, միանգամից ուժի մեջ չի մտնելու, այլ փուլերով՝ մինչև 2027 թվական։ Սա ինչ-որ տեղ դրական երևույթ է, որովհետև բնակչությունը մաս-մաս է ներգրավելու առողջության պարտադիր ապահովագրության գործընթացում։ Դա հնարավորություն է տալու ընթացքում շտկել առկա թերությունները։ Ամենակարևորն այն է, որ ճիշտ հաշվարկվեն առողջապահական համակարգի հնարավորությունները, որովհետև երբ մարդիկ չեն դիմում բժշկի, դժվար է լինում հասկանալ՝ որքան մեծ է համակարգի պոտենցիալը։
Ազգաբնակչության դիմելիության առկա թվերը կարող են չհամապատասխանել նրան, թե որքան դիմելիություն կլինի պարտադիր ապահովագրության ներդրումից հետո։ Իհարկե, չի բացառվում, որ համակարգը գործարկելուց հետո պարզվի՝ առողջապահական ոլորտը այդքան շատ բուժառուների չի կարողանում սպասարկել։ Բնական է, որ այդ դեպքում կլինեն դժգոհություններ, կառաջանան հերթեր, իսկ որտեղ կան հերթեր, չեն բացառվում կոռուպցիոն ռիսկերը։
Բայց ես գիտեմ, որ առողջապահության պարտադիր ապահովագրության հայեցակարգը մշակողները բավականին լավ գիտեն այն, և չեմ կարծում, որ անետսած լինեն այս նրբությունները։
–Պարոն Պետրոսյան, Ձեր կարծիքով՝ գործընթացն ավելի սահուն չէ՞ր լինի, եթե պետությունն սկզբում ներդներ առողջության կամավոր ապահովագրության համակարգը՝ ավելի ուշ միայն անցում կատարելով պարտադիր հայեցակարգին։
– Պետությունը չի կարող կամավոր կազմակերպել. պետությունը կամ երաշխավորում է պետականորեն հաստատված ֆինանսավորում՝ ամբողջ ազգաբնակչության համար, կամ մարդիկ դիմում են մասնավոր սեկտորին։
–Կարո՞ղ եք ներկայացնել առողջության պարտադիր ապահովագրման դասական եվրոպական մոդելի օրինակը։ Որքա՞ն հաջող կարող է այն տեղայնացվել Հայաստանում։
– Մենք հիմա էլ, փաստորեն, ապահովագրություն ունենք, որը կոչվում է պետպատվեր։ Դա նույն ապահովագրությունն է, որով պետությունը երաշխավորում է բնակչության որոշակի խմբերի և որոշ խումբ հիվանդությունների բուժման ծախսեր։ Տարեցտարի և՛ ազգաբնակիչության թվաքանակը, և՛ հիվանդությունների դեպքերը, և՛ ֆինանսավորումն են ավելանում. դրան համապատասխան՝ բազաներ են մշակվում, այսինքն՝ արդեն իսկ որոշակի բազա գոյություն ունի, որի հիման վրա էլ համակարգը սկսելու է աշխատել։
Այնպես որ, վերցնել այս կամ այն երկրի օրինակը և միանգամից տեղայնացնել Հայաստանում, հնարավոր չի լինի։ Չէ՞ որ մենք արդեն իսկ մեր անցած ճանապարհն ունենք։
–Պարտադիր ապահովագրության պարագայում ի՞նչ կետեր կան, որոնցով քաղաքացին կարող է տուժել, իսկ ահա պետությունը կամ մասնավոր սեկտորը՝ շարքային քաղաքացուց միջոցներ կորզել։
– Առողջության ապահովագրություն տրամադրող մասնավոր ընկերությունները մնալու են, ավելին՝ սկսելու են մրցակցել պետության հետ, որպեսզի մարդիկ նախընտրեն նրանց դիմել։ Մասնավորը քաղաքացուն ասելու է՝ «Իմ տված ֆինանասավորումը քո դեպքի համար ավելի լավ կլինի, ավելի մեծ փաթեթ կստանաս» և այլն՝ շահագրգռելու նրան։
Մյուս կողմից, թե որքանով պետությունը օբյեկտիվ կհաշվարկի գները, հարց է, որովհետև շատ ժամանակ տեսնում ենք, որ բուժկենտրոնները դժգոհ են մնում իրենց հատկացվող պետական ֆինանսավորումից, սակայն որևէ բուժհաստատություն պետպատվերից չի հրաժարվում։ Այժմ ինչ-որ կերպ պետք է տեղավորվեն հատկացվող գումարների մեջ։
–Պարոն Պետրոսյան, հասարակության կողմից ընդվզման կամ դժգոհության ալիքի պե՞տք է սպասել, քանի որ առողջության պարտադիր ապահովագրությունը լրացուցիչ հարկային բեռ է լինելու ՀՀ քաղաքացիների համար։
– Դժգոհության ալիք կլինի, երբ հայտարարվի, որ ազգաբնակչության վրա նոր հարկ է ավելանալու, որ ամեն մեկը պետք է աշխատավարձից մի քանի տոկոս տրամադրի որպես առողջության ապահովագրության վճար։ Դժգոհության այլ պատճառ չեմ տեսնում։
Ասեմ, որ ես հարկի կողմնակից եմ, որովհետև հարկը ինձ կստիպի հետամուտ լինել որակյալ բժշկական ծառայություններ ստանալու, պահանջատիրությունս կմեծանա։ Մարդիկ կսկսեն պետությունից պահանջել, բայց խոսակցություններ, այնուամենայնիվ, կլինեն։