Ապրիլի 2-ին, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եղել է Կասկադում։ Մի երիտասարդ նրան անվանել է դավաճան։ Սիմոնյանը հրամայել է իր թիկնապահներին բռնել երիտասարդի ձեռքերը։ Թիկնապահները նրա հրամանը կատարել են։ Ալեն Սիմոնյանը հայհոյել է երիտասարդին և թքել նրա դեմքին:
Մամուլն այսօր ակտիվորեն անդրադարձել է այս սենսացիոն իրողությանը։
ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդվածի համաձայն՝ «Խուլիգանությունը՝ հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով (…)»:
Հանրային վայրում բռնել քաղաքացու ձեռքերը, որպեսզի նա գործողության չդիմի, անգամ չկարողանա ինքնապաշտպանվել, հետո Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյան նրան հայհոյի ու երեսին թքի։
Կարծես թե իրավապահները պետք է այդ պաշտոնատար անձին բերման ենթարկեին, բայց ոչ, բերման է ենթարկվել երիտասարդը։
Ինչպես հայտնի է, ԱԺ իշխանական պատգամավորները պահանջում են, որպեսզի քպ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի դեմքին հարված հասցրած ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանը վայր դնի մանդատը, իբր այդպիսի վարքագծով մարդն իրավունք չունի պատգամավոր լինելու։ Իսկ ձեռքերը բռնելու հրաման տված, անպաշտպան մարդուն հայհոյող ու երեսին թքող ԱԺ նախագահն իրավունք ունի՞ զբաղեցնելու այդ պաշտոնը կամ առհասարակ իրավունք ունի՞ մտնել ԱԺ և օրենսդրի ղեկավար լինել։
Ի դեպ, միջադեպի վերաբերյալ որևէ հերքում չի եղել։
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ էլ Ալեն Սիմոնյանի մայրն էր իր տան պատշգամբից միջնամատ ցույց տվել «Դիմադրություն» շարժման մասնակիցներին ու թքել նրանց վրա։