Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական ծրագիրը բազմաթիվ թերություններ ունի. նախ՝ ինչո՞ւ ծրագրի շահառու կարող են դառնալ միայն ՀՀ քաղաքացիություն ընդունած արցախցիները. հնարավոր է՝ տվյալ մարդը չի ցանկանում ՀՀ քաղաքացիություն ընդունել, ուզում է վերադառնալ Արցախ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ Բորիս Առուշանյանը։
«Մյուս սահմանափակումն այն է, որ ձեռքբերվող տան արժեքը չի կարող գերազանցել 55 մլն դրամը, կամ որ ծրագիրը պետք է իրականացվի մի քանի փուլերով, այն է՝առաջին փուլում պետք է ընդգրկվեն 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները։ Ստացվում է, որ ինձ նմանները չեն կարող բնակարանային ապահովման ծրագրից օգտվել։
Ես թոշակառու եմ, կինս՝ դեռ ոչ, բայց պատկառելի հասակի է, երկու աղջիկներս ո՛չ 3 տարեկան են, ո՛չ էլ անչափահաս։ Փաստորեն, իմ ընտանիքն ընկնում է հետին պլան. մենք այդ ծրագրից կարող ենք օգտվել մի քանի տարի հետո։ Հարց է առաջանում՝ մենք և մեր նման հազարավոր ընտանիքներն այդ մի քանի տարվա ընթացքում ի՞նչ պետք է անեն, ո՞նց պետք է ապրեն։ Պետք է շարունակեն տնե՞ր վարձակալել»,- հարց հնչեցրեց մեր զրուցակիցը։
Բորիս Առուշանյանի խոսքով՝ բազմաթիվ արցախահայ ընտանիքներ, այդ թվում՝ իր ընտանիքը, այս պահին վարձով են բնակվում։ Բնակարանների ամսավճարները, կոմունալ և մնացած բոլոր ծախսերը բավական զգալի ազդեցություն են թողնում ընտանեկան բյուջեի վրա։
«Ժամանակին խելքս չի կտրել՝ ես էլ թալանեմ՝ թեկուզ դրա բոլոր հնարավորություններն ունեի (կատակում է՝ խմբ.)։ Ես ամբողջ կյանքում պետական ծառայող եմ եղել, անմնացորդ նվիրվածությամբ պետության խնդիրներն եմ լուծել և ռուսի ասած՝ մնացել եմ с голым задом։ Անգամ Երևանում բնակարան չունենք, մինչդեռ Ստեփանակերտում բնարական, սեփական տուն և հողամաս ունեի։
Ստացվում է, որ նրանք, ովքեր ժամանակին տեղափոխվել են Երևան, բիզնեսներ են դրել, շահեկան վիճակում են, իսկ ինձ նման շատ մարդիկ հայտնվել են այս վիճակում։ Հիմա հարց է առաջանում՝ այս ծրագիրն ո՞ւմ համար է, եթե ամբողջ կյանքը հայրենիքին ծառայած մարդիկ մնացել են առանց ոչ մի բանի։ Կրկնում եմ՝ բնակարանային ապահովման ծրագիրը շատ թերություններ ունի»,- նշեց Բորիս Առուշանյանը։
Արցախցի գործչի խոսքով՝ իր մոտ այնպիսի տպավորություն է, որ ծրագիրը հատուկ է մտածված, որպեսզի արցախահայերի մեծ մասը չկարողանա մնալ Հայաստանում՝ ստիպված հեռանալով։ Երկրորդ՝ ՀՀ իշխանությունն օրակարգից ընդհանրապես հանում է Արցախ վերադարձի հարցը։
«Այսինքն՝ արցախահայության մեծ մասը չի կարող առաջին-երկրորդ փուլերում այս ծրագրից օգտվել և ստիպված կլինի կամ մեծ դժվարությամբ Հայաստանում գոյատևել կամ թողնել-հեռանալ։ Ինձ թվում է, թե ՀՀ իշխանություններն այնքան են կտրված ռեալ կյանքից և իրականությունից, որ չեն պատկերացնում արցախահայերի խնդիրների բազմազանությունը»,- ամփոփեց Բորիս Առուշանյանը։



