Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Տավուշում սուբվենցիոն 20 ծրագրերից միայն 4-ն է ամբողջությամբ ավարտված

Դեկտեմբերի 25-ին կայացած Տավուշի մարզի խորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստում Տավուշի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Հայկ Ղալումյանը ներկայացրել է 2024 թվականին մարզում կատարված աշխատանքները։ Նա հայտարարել է, որ 2023 թվականի համար վերջնական հաստատված 4,4 մլրդ. դրամ արժեքով 17 սուբվենցիոն ծրագրերից (ասֆալտապատում, ոռոգման համակարգերի արդիականացում, ջրամատակարարում և ջրահեռացում, պուրակների բարեկարգում, տեխնիկայի ձեռքբերում, ԲԲՇ-ների տանիքների հիմնանորոգում, փողոցների տուֆապատում, կանգառների կառուցում) 8 ծրագիր տեղափոխվել է 2024 թվական: 2024 թ-ին վերջնական հաստատվել է 20 սուբվենցիոն ծրագիր 5,9 մլրդ. դրամ արժեքով, որից 4-ը ավարտվել է ամբողջությամբ, 8 ծրագիր՝ մասամբ, իսկ 8 ծրագիր գտնվում է տարբեր փուլերում:

Հավելենք, որ Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Դովեղ գյուղի դպրոցի շինարարությունը սկսվել է 2022թ,-ի վերջին ,շինարարության ավարտի ժամկետի երկարաձգումից հետո, այն պետք է ավարտվեր 2024 թվականի հունիսի կեսին։ Աշխատանքների մոտ 30 տոկոսն է արված, այժմ շինաշխատանքներ չեն ընթանում։ 2021թվականի սեպտեմբերից` ավելի քան 3 տարի, Իջևան համայնքի Գանձաքար գյուղի միջնակարգ դպրոցի 465 աշակերտները դասեր են անում գյուղի մշակույթի տանը և փոստային բաժանմունքի շենքի 2-րդ հարկում՝ մասնավոր անձին պատկանող տարածքում հարմարեցված դասասենյակներում։

 Փոստային բաժանմունքի շենքի 2-րդ հարկի տարածքի համար Գանձաքարի դպրոցը մասնավոր անձին ամեն ամիս վճարում է 150 հազար դրամ։

Գանձաքարի դպրոցի շենքի շինարարության համար հատկացվել է 1 միլիարդ 882 միլիոն դրամ, շինարարությունն իրականացնում է Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի որդու՝ Դավիթ Սեդրակյանի «Բիդեք» ընկերությունը։

 Դպրոցի շենքը պետք է շահագործման հանձնվեր 2023թվականի ամռանը, սակայն շինարարության ավարտի ժամկետը հետաձգվել է մինչև 2024 թվականի հունիս։

Ի պատասխան լրագրողական հարցմանս` այս տարվա սեպտեմբերին Տավուշի մարզպետարանից հայտնել են․ «Գանձաքարի դպրոցի շենքի շինարարություն ավարտված է։ Առաջիկայում կավարտվի դպրոց մոտեցող ճանապարհահատվածի հիմնանորոգումը, որից հետո դպրոցը կշահագործվի»:

Տարին ավարտվում է, սակայն Գանձաքարի դպրոցի շենքը շահագործման չի հանձնվել։

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյան