ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը լրագրողներին հայտնել է, որ Վաշինգտոնը Թբիլիսիին կոչ է անում Վրաստանի ձերբակալված նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն անհրաժեշտ բժշկական եւ հոգեբանական օգնություն տրամադրել:
«Վրացական կառավարությունը պատասխանատու է արդար կերպով վերաբերվելու պարոն Սաակաշվիլուն, այդ թվում՝ տրամադրելով անհրաժեշտ բժշկական եւ հոգեբանական օգնություն»,-ասել է Փրայսը։
Նշենք, որ սոցցանցերում տարածվել են լուսանկարներ ու տեսանյութեր, որտեղ ակնհայտ երևում է, որ Սաակաշվիլին ֆիզիկական և հոգեկան խնդիրներ ունի։ Նա բուժվում է Թբիլիսիի կլինիկաներից մեկում։
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահն իր երկիր վերադառնալուն պես ձերբակալվել է։ Դա տեղի է ունեցել 2021 թվականի հոկտեմբերի 1-ին։ Վրաստանի իրավապահները նրան մեղադրել են սահմանն ապօրինի հատելու, պետական միջոցները վատնելու եւ «Իմեդի» հեռուստաընկերությունը գրոհելու մեջ։