Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեվան գյուղի Վահան Աղախանյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։  Հրդեհը տեղի ուժերով մարվել է, ապա ժամանած հրշեջ-փրկարարաները այդ տան ներսում, մահճակալին հայտնաբերել են նույն տան բնակիչ 83-ամյա Ժորժիկ Ա․-ի դին։ 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վ․ Գևորգյանը։  Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանը և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը։  Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդու մահվան պատճառ է հանդիսացել  պառկած վիճակում ծխախոտից առաջացած կրակը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։