Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը «Իմ կյանքը» վերնագրով հուշագրություններ է գրել, որտեղ պատմել է երկրորդ ընտանիք ունենալու մասին:
«Orda» պարբերականը գրում է, որ հուշագրության մեջ 83-ամյա քաղաքական գործիչը պատմում է,որ Ղազախստանի հարավ-արեւելքում՝ Տալդիկորգան քաղաքում, հանդիպել է Ասել անունով աղջկա, ում հետ հետագայում սիրային կապի մեջ է մտել:
«Աղջիկն ինձ դիմավորող անձնակազմի մեջ էր՝ վայրէջքից հետո ծաղիկ էր նվիրել: Մտապատկերիս մեջ երկար ժամանակ դաջվել էր նրա դեմքը, որեւէ կերպ չէի կարողանում մոռանալ գեղեցկուհու լուսե դեմքն ու գծագրված մարմինը»,- գրում է Նազարբաեւը:
Պարբերականը փոխանցում է, որ նախագահի՝ «սեր առաջին հայացքից» հանդիպումից որոշ ժամանակ անց Նազարբաեւը նկատում է, որ Աստանայում անցկացվող գեղեցկության մրցույթին մասնակցում է նաեւ իր հանդիպած գեղեցկուհին՝ Ասելը: Թերթում նաեւ նրա լուսանկարը տեսնելուց հետո Ղազախստանի նախագահը որոշում է գտնել ու ծանոթանալ աղջկա հետ:
«Շուտով ծանոթացանք, սկսեցինք հանդիպել ու, ի վերջո, ամուսնացանք: Նա ուներ մի շարք դրական հատկանիշներ, որ ես տարիներով փնտրում էի: Շնորհիվ նրա՝ կարողացա հաղթահարել մենակության զգացումը»,- հիշում է նախկին նախագահն ու հավելում՝ ամուսնացել են 2005-ին՝ մուսուլմանական ավանդույթներով:
Նուրսուլթան Նազարբաեւն այն ժամանակ 65 տարեկան է եղել: Ասելը նրան որդի է պարգեւել: «Իմ օրինական կինը՝ Սարան, ում հետ ամուսնացել էինք 1962-ին եւ երեք աղջիկ ունենք, ամեն բան հասկացավ ու ներեց ինձ»,- քաղաքական գործչի գրքի տողերը մեջբերում է պարբերականը:
Ս.Վ.