Մինչ օրս Հայաստանում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով 108 հիվանդացության դեպք. լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այսօր հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մենք, իհարկե, բոլոր մարզերով իրականացնում են հակահամաճարակային տեղեկատվական աշխատանքներ և ամեն շաբաթ ներկայացնում ենք ամփոփ տվյալներ։
Այս պահին գտնում ենք, որ նվազման տեմպը դեռ բավարար չէ և կարծում ենք, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում ակտիվ պահենք աշխատանքները, որպեսզի սեզոնին համընթաց՝ ապահովենք դեպքերի նվազումը»,-ասաց նա։
Հարցին՝ հիվանդացության դեպքերը մտահոգի՞չ են, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց՝ գրանցված թվերն, իհարկե, մտահոգիչ են, քանի որ երկար տարիներ ի վեր՝ այս հիվնադությունը մեր երկրում չի գրանցվել։
«Շատ երկրներում՝ այդ թվում նաև Հայաստանում, այս տարի է աշխուժացում նկատվում։ Պետք է նայել՝ որ մարզերում է մոծակների տարածվածություն ավելի մեծ՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, բայց նաև չպետք է բացառել Երևանը և մյուս մարզերը։
Ջրամբարներում, կանգնած ջրերի մերձակայքում պետք է իրականացվեն հակահամաճարակային միջոցառումներ, բացի այդ՝ խորհուրդ է տրվում օգտագործել մոծակների դեմ պայքարի բոլոր հասու միջոցները՝ հատուկ հեղուկներ, ցանցեր և այլն»,- ասաց նախարարը։
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ վարակը Հայաստանում տարածվել է թռչունների միջոցով, որոնք իրենց հերթին վարակում են մոծակներին։
«Հիվանդությունն 80 տոկոսի մոտ անախտանիշ է ընթանում, և միայն 20 տոկոսի մոտ են դիտվում որոշակի սիմպտոմներ, և կարող են լինել բարդացումներ։ Սա մենք տեսնում ենք տարեց մարդկանց մոտ»,- նշեց Ավանեսյանը՝ շեշտելով, որ վիրուսը մարդուց մարդուն չի փոխանցվում, այլ փոխանցվում է միայն մոծակների խայթոցի միջոցով։