Պետական մանկապարտեզներում տեսախցիկների տեղադրումը կարող է զսպիչ գործոն լինել, բայց այստեղ խնդիրը ոչ միայն վերահսկողությունն է, այլև որ ավելի կարևոր է՝մասնագիտական էթիկայի կանոնների պահպանումը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։
«Տեսախցիկներն, այնուամենայնիվ, կարողանում են սահմանափակ տարածություններ ծածկել, և ի վերջո, տեխնիկական միջոցներն ինչ-որ պահի կարող են խափանվել, շարքից դուրս գալ։ Բռնությունից զերծ մարդկային հարաբերությունները և միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունքը պետք է առաջանային լինեն տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց համար՝ սկսած մանկավարժներից, վերջացրած իրավապահ համակարգի ներկայացուցիչներից։
Առաջին հերթին պետք է լինի մասնագիտությունը կրողի՝ աշխատանքի նկատմամբ պատշաճ մոտեցումը և պարտականությունների բարեխիղճ կատարումը, ուստի վերահսկողական գործիքները միայն թույլ և մեկ փոքր, հատվածային մոտեցում կարող են դիտարկվել»,- նշեց իրավապաշտպանը։
Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ մանկապարտեզներում տեղադրվող տեսախցիկները կարող են վախի մթնոլորտ ստեղծել և մանկավարժական անձնակազմին ստիպել այլ՝ իրենց ինքնությանը խորթ վարք դրսևորել, և ավելի կարևոր է նախ փոխել բռնության հանդեպ հանդուժողականությունն ու հասարակության պատկերացումները։
Ըստ իրավապաշտպանի՝ մանկապարտեզներում և այլ վայրերում շարունակում է երեխաների նկատմամբ բռնություն կիրառվել, քանի որ հայ հասարակության շրջանում բռնությունը նորմալիզացված է։
«Երեխաների դաստիրակության գործում բռնությունը որպես մեթոդ որևէ մեկի կողմից չպետք է կիրառվի՝ ո՛չ ծնողների, և՛ ոչ էլ մանավանդ մանկավարժների կողմից։ Ծնողը երբեմն կարող է չունենալ բավարար գիտելիքներ և իրավագիտակցություն, բայց մանկավարժը, որպես մասնագետ, երբեք չպետք է դիմի բռնության մեթոդների։
Կրկնում եմ՝ ագրեսիան դրսևորվելու է այն վայրում, որտեղ տեսախցիկներ չկան. բռնություն կիրառելու սովոր դայակը կամ դաստիարակը երեխային, օրինակ, կարող են ուղեկցել զուգարան և այնտեղ բռնարարք կատարել՝ իրենց այդ մոտեցումը բոլորովին անընդունելի չհամարելով»,- ամփոփեց Զարուհի Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ պետական մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու ստորագրահավաք է մեկնարկել։ Նախաձեռնության հեղինակը Երևանի ավագանու նախկին անդամ, «Մանկապարտեզը և երեխաները» ֆեյսբուքյան խմբի համակարգող, մանկավարժ Աննա Ջավախյանն է։
Վերջինս ֆեյսբուքյան էջում գրել է. «Ստորագրահավաքի տեքստում էլ եմ գրել, հիմա էլ ուզում եմ հատուկ շեշտել` մանկապարտեզի տեսախցիկները որքան երեխաներին են պաշտպանելու ֆիզիկական և հոգեբանական բռնությունից, ճիշտ նույն կերպ էլ աշխատակիցներին են պաշտպանելու թե ծնողների զրպարտությունից, թե վերադասի կողմից հետապնդումներից, միշտ ապացուցելի է լինելու կատարված բարեխիղճ աշխատանքը։ Ես ուզում եմ, որ մանկապարտեզի տարածքում պաշտպանված լինեն թե երեխան, թե դայակն ու դաստիարակը»։