Երեք տարի առաջ Երկիր մոլորակը պատուհասած կորոնավիրուսն, ըստ երևույթին, այլևս ոչ մի տեղ չի «կորչի», ու աշխարհի բնակչությունը, ըստ մասնագետների, վիրուսի նոր շտամներով հաճախակի կվարակվի։
Ռուսական ТАСС լրատվական գործակալությունն է գրում, որ Ռուսաստանի առողջապահության նախարարության իրականացրած հետազոտությունների համաձայն՝ մարդիկ, ովքեր կորոնավիրուսով երկրորդ անգամ են վարակվել, այն շատ ավելի հեշտ են հաղթահարել, քան առաջին անգամվա դեպքում։ Իսկ բոլոր նրանք, ովքեր պատվաստված են, կրկնավարակը, կարելի է ասել, ոտքի վրա են տարել։
Լրատվականը նաև ԱՄՆ գործընկերների իրականացրած հետազոտություններից է տվյալներ ներկայացրել, այսպես՝ հետազոտված 16 մլն ամերիկացիների ¾-ն է կրկնավարակ տարել։ Ի դեպ, բոլոր նրանք, ովքեր COVID-19-ով առաջին անգամ են վարակվել ու այն ծանր տարել, երկրորդ անգամ վարակվելուց հետո շատ ավելի շուտ են առողջացել ու թեթև տարել։ Եվ, հակառակը, առաջին անգամ թեթև տանողները կրկնավարակի ժամանակ ավելի ուշ են ապաքինվել։
Այսպիսով՝ գրեթե բոլոր երկրների բժիշկներն ու մասնագետները միաբերան հորդորում են՝ մշտապես զգոն ու պատրաստ լինել «ընդունելու» կորոնավիրուսի կրկնավարկը կամ նոր շտամները։
Ս․Վ․