Արդարադատության նախարարության կողմից մշակված և 2022 թվականի հունվարի 6-ին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների համաձայն, ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական և ենթակա են քանդման (ապամոնտաժման): Սակայն մինչև օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված և ինքնակամ կառույցների հաշվառման կարգ սահմանող Կառավարության որոշմամբ սահմանված կարգով հաշվառված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) վրա տարածվում են մինչև օրենքն ուժի մեջ մտնելը գործող ինքնակամ կառույցների օրինականացմանը վերաբերող կարգավորումները, այդ թվում` դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերի դրույթները: Հետևաբար, մինչև օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման համար անհրաժեշտ է հաշվառել ինքնակամ կառույցը (կիսակառույց ինքնակամ կառույցի հատվածը)։
Հիշեցնում ենք, որ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցի հատվածի) վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը հաշվառման նպատակով կարող են Կադաստրի կոմիտե ներկայացվել մինչև 2023 թվականի հունվարի 1-ը։
Սահմանված ժամկետի ավարտից հետո նշված ինքնակամ կառույցների հաշվառում` հետևաբար նաև օրինականացում հնարավոր չէ։