Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը դժվարանում է ենթադրություն անել՝ արդյոք ԿԳՄՍ նորանշանակ նախարարի առաջին հրահանգը նշանակում է, որ դպրոցներում պետք է դադարեցվի «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցումը։
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նորանշանակ նախարարը հրահանգել է դպրոցներում արգելել բոլոր տեսակի ռազմահայրենասիրական պարապմունքներն ու կրթադաստիարակչական միջոցառումները: Ըստ թերթի տրամադրության տակ հայտնված մի շրջաբերականի՝ Ժաննա Անդրեասյանը Երևանի փոխքաղաքապետին ու ՀՀ բոլոր մարզպետարանների գլխավոր քարտուղարներին հրահանգել է խուսափել դպրոցների ռազմականացումից:
«Իսկապես պարզ չէ, թե ռազմահայրենասիրական պարապմունքներ ասելով՝ ինչ նկատի ունեն, բայց այս ձեռագիրը, ճիշտն ասած, վաղուց արդեն հայտնի է։ Իհարկե, ազգայնական գաղափարները չպետք է տեղ գտնեն կրթական համակարգում, բայց այն, որ մեր սերունդը պետք է կրթվի ազգային գաղափարներով՝ չմոռանալով համամարդկային գաղափարները՝ սա ևս միանշանակ է։
Այսինքն՝ ցանկացած գաղափարախոսություն պիտակավորել որպես ազգայնական և այն դուրս թողնել կրթական համակարգից, անթույլատրելի է, որովհետև այդ ժամանակ մենք կկորցնենք մեր ազգային դեմքը՝ դառնալով աշխարհաքաղաքացի։ Իսկ սա ենթադրում է ձուլվել, ասիմիլացվել, որին, անխոս, կհետևի ազգային պետականության կորուստը։ Չէ՞ որ ամեն ինչի առանցքում հենց կրթական համակարգն է»,- համոզմունք հայտնեց կրթության փորձագետը։
Ատոմ Մխիթարյանը միաժամանակ նկատեց՝ չի կարծում, թե նորանշանակ նախարարի հրահանգը վերաբերում է դպրոցներում ՆԶՊ առարկայի արգելքին, որովհետև նման բան անելու համար միայն նախարարի հրամանը բավարար չէ, և անհրաժեշտ են մի շարք օրենսդրական կարգավորումներ։
«Կրկնում եմ՝ այս արգելքի լույսի ներքո կարելի է ներկայացնել ցանկացած բան, և ազգային ամեն բան ուղղակի ջնջել կրթական համակարգից։
Եթե այդպիս միտումը կյանքի են կոչում նման հրամաններով, ապա դրանց դեմ պետք է բողոքել, ինչն էլ ես անում եմ։ Մեր ազգային դիմագիծը պահող որևէ արժեք չպետք է դուրս մնա կրթական համակարգից»,- կրկին շեշտեց Ատոմ Մխիթարյանը։