Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Զինծառայողների և պետական մի շարք մարմինների աշխատակիցների ամենամյա արձակուրդի համար վճարումը ճիշտ չի հաշվարկվում

Նախորդող ժամանակահատվածում ահազանգեր էի ստանում այն մասին, որ ՀՀ զինծառայողների և պետական մի շարք մարմինների աշխատակիցների ամենամյա արձակուրդի համար վճարումը ճիշտ չի հաշվարկվում։ Մասնավորապես բարձրաձայնվում էր ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ առկա պրակտիկան. հայտնում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Այս առիթով նա խորհրդարանում կազմակերպել է աշխատանքային քննարկում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչների, իրավապաշտպանների և ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության անդամների միջև։

Քննարկման թեման ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին և 158-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված իրավակարգավորումների կիրառման շուրջ առաջացող հարցերն էին և քննարկման արդյունքում վեր հանված խնդիրների լուծման ուղիների հստակեցումը։

Է․ Հովհաննիսյանի օրինակով տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում, արձանագրվել են, որ հարցը դատական կարգով ևս բողոքարկվել է ու պայմանավորվել են համապատասխան դատական ակտի կայացումից հետո հստակեցնել հետագա քայլերը։