Քիչ առաջ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ջրասուզակը և հրշեջ-փրկարարները Երևանյան լճում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են Ուկրաինայի Հանրապետության անչափահաս աղջկա դին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:
Ապրիլի 28-ին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից մի քանի փրկարարներ, ինչպես նաև Թիավարության ֆերերացիայի մեծ թվով թիավարներ շարունակել են Ուկրաինայի Հանրապետության անչափահաս քաղաքացու դիակի հայտնաբերման աշխատանքները։
Մի քանի ժամ տևած որոնողական աշխատանքները Հրազդան կիրճից ուղղություն էր վերցրել դեպի Երևանյան լիճ և թիավարները իրենք էին ցանկություն հայտնել մասնակցելու որոնողական աշխատանքներին, որը ընդգրկված էր մի քանի կմ:
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնական տեղեկությունների՝ Մանկական երկաթուղու տարածքում, օտարերկրացի անչափահաս քաղաքացին ընկել է Հրազդան գետը։