Ես ամենաթանկն եմ զոհել, որ այսօր գոնե կարողանամ ազատ գնալ Արցախ, բայց ադրբեջանցիների արածի պատճառով անգամ մինչև Լաչինի միջանցք գնալու հնարավորություն չունեմ. զոհված հերոսի քույր

Շուշիում անմահացած հերոս, Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի բնակիչ 18-ամյա Իլյա Հակոբյանի քույրը՝ Հասմիկ Հակոբյանը, արդեն 4-րդ օրն է՝ չի կարողանում վերադառնալ Արցախ՝ ծնողների մոտ։ Պատճառն ադրբեջանցիների կողմից օրեր շարունակ փակ պահվող Լաչինի միջանցքն է։
«Ես աշխատում եմ, արձակուրդ էի վերցրել, որպեսզի դեկտեմբերի 13-ին գնայի Արցախ՝ կարոտս առնեի, հետո ծնողներիս հետ վերադառնայի Հայաստան, որ Նոր տարին եղբորս հետ անցկացնենք. նա այստեղ է հուղարկավորված։ Բայց ոչ ծնողներս են կարողանում գալ, ոչ ես եմ կարողանում գնալ։
Ես չգիտեմ՝ այս ամենի հետևում ով է կանգնած, ինչ քաղաքականություն էին տանում, որ հանգեցրեց 44-օրյա պատերազմին, բայց ես մի բան գիտեմ. ես ամենաթանկն եմ զոհել, որ այսօր գոնե կարողանամ գնալ, իմ՝ թեկուզ ավերված տան դարպասը բացել և ներս մտնել, բայց այսօր անգամ մինչև Լաչինի միջանցք գնալու հնարավորություն չունեմ։
Ես անզորությունից և անելանելի վիճակից պատեպատ եմ խփվում։ Միջազգային հանրությունը լուռ է, աշխարհը լուռ է, ինչպես լուռ էր 44-օրյա պատերազմի օրերին, և գիտե՞ք՝ ամենացավոտը որն է, որ նաև հայ ժողովուրդն է լուռ։ Մի փոքր հատված է միայն հետաքրրքված արցախցու ճակատագրով։ Մյուս կողմից ես գտնում եմ, որ պետությունը պետք է գործադրի բոլոր մեխանիզմները՝ հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հասմիկ Հակոբյանը՝ տարակուսանք հայտնելով, թե ինչպես կարող են մարդիկ ամանորյա պատրաստություններ տեսնել՝ մոռանալով, թե ինչ է կատարվում սահմանին։
Իլյա Հակոբյանի քույրը շեշտեց՝ հայ հասարակության մի ստվար զանգված Արցախը չի ճանաչում, այնտեղ չի եղել և չի պատկերացնում, որ Արցախը զուտ տարածք չէ, այլ բառիս բուն իմաստով՝ սրբավայր, որտեղ դեռ 90-ականներից թափվել է հազարավոր հայորդիների արյունը։
«Ուղղակի երբ հեռուստացույցը միացնում և տեսնում եմ, որ Շուշիում՝ եղբորս զոհված տեղում, ադրբեջանցիները համերգ են կազմակերպել, մուղամ են լսում, մեծ ցավ եմ ապրում։
Ես ուզում եմ, որ մեր հասարակությունը վերջնականապես հասկանա և ընդունի, որ այս պայքարը ոչ թե արցախցու, այլ հենց Արցախի համար է՝ հայ ժողովրդի գոյության համար։ Արցախցու պայքարով և հաղթանակով, Արցախի լինելիությամբ Հայաստանը ևս լինելու է։ Ես միշտ ասել եմ՝ Արցախը Հայաստանի սիրտն է, և ինչքան Արցախը բաբախի, այնքան էլ Հայաստանն է ապրելու։ Եվ թող ոչ ոքի չթվա, որ եթե մի օր Արցախը չլինի, այլ հարցերը լուծվելու են, և ամեն ինչ լավ է լինելու։
Արցախը Հայաստանի դարպասն էր, բացվեց, այսօր նորից կրակեցին, այսօր նորից մեր սահմանին լարված իրավիճակ է»,- ասաց Հասմիկ Հակոբյանը։
