Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Դեպք, որ լինում է 10 հազարից մեկի մոտ. օրգանների հայելային դասավորություն

Վանաձորի բժշկական կենտրոնում վիրահատել են օրգանների հայելային դասավորություն ունեցող պացիենտի:

Վանաձորի բժշկական կենտրոն էր դիմել 40-ամյա պացիենտ՝ գանգատվելով ձախ ենթակողային շրջանի ցավերից, սրտխառնոցից:

Հետազոտություններով նրա մոտ հայտնաբերվել էր լեղաքարային հիվանդություն, սուր քարային խոլեցիստիտ, ներքին օրգանների հայելային դասավորություն (Օրգանների հայելային դասավորությունը հազվադեպ հանդիպող անատոմիական տարբերակ է, որի դեպքում սիրտը գտնվում է աջ, լյարդը՝ ձախ կողմում (լատիներեն՝ #situsinversus)):

Չնայած անատոմիական առանձնահատկություններին եւ դրանից բխող տեխնիկական դժվարություններին՝ վիրահատությունը կատարվել է լապարոսկոպիկ եղանակով (Վիրաբուժական թիմ՝  Հովակիմ Գոգորյան,  Դավիթ Ազարյան, անեսթեզիոլոգ՝ Մարտուն Մադոյան):

Վիրահատությունը անցել է բարեհաջող, պացիենտը դուրս է գրվել հիվանդանոցից՝ լավացումով:

Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում բնակչության տասը հազար մարդուց միայն մեկի մոտ է հանդիպում օրգանների հայելային դասավորություն: