Երեկվա՝ փետրվարի 9-ի դրությամբ, Արցախում ծնվել է 227 երեխա, որից 18-ը՝ անհաս նորածիններ։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության աղջապահության նախարարությունից։
Ըստ նախարարության տրամադրած տեղեկատվության՝ հանրապետությունում վերջին շրջանում անհաս ծնունդների որոշակի աճ է նկատվում. երևույթն առավելապես պայմանավորված է հղիության բարդություններով և վաղաժամ ծննդաբերություններով, դրանք էլ, իրենց հերթին, բլոկադայի հետևանքով հղիների մոտ նկատվող սթրեսային իրավիճակով։
Հատկանշական է, որ եթե 2022 թվականին Արցախում կենդանածին փոքրիկների միայն 9 տոկոսն է անհաս եղել, ապա վերջին երկու ամիսներին նրանց թիվը որոշակիորեն աճել է։
«Սակայն վերջին շրջանում նաև ծնունդների աճ է գրանցվել», – մեզ հետ զրույցում փաստեց ԱՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անգելինա Իսախանյանը։
Նրա խոսքով՝ փետրվարի 7-ին Արցախի հանարապետության Մոր և մանկան առողջության պահմանման կենտրոնը յուրօրինակ ռեկորդ է սահմանել. մեկ օրում 8 նորածին է դուրս գրվել: Սա ամենաբարձր ցուցանիշն է եղել՝ շրջափակումից ի վեր:
Ստեփանակերտի ծննդատան ծննդաբերական բաժամունքի ավագ մանկաբարձուհի Անուշ Եսայանն էլ փաստում է՝ չնայած Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հարուցած բազմաթիվ խնդիրների՝ ծննդատունն աշխատում է բնականոն հունով, արվում է հնարավոր ամեն բան՝ շահառուներին բավարարելու անհրաժեշտ դեղորայքով։