Կառավարության այսօրվա նիստին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Փաշինյանի հարցին ի պատասխան, թե ինչ վիճակագրություն կա Հայաստանում հանցագործությունների աճի վերաբերյալ, ասաց, որ 2023 թվականին 2022 թվականի համեմատությամբ հանցավորության աճ էր գրանցվել, բայց 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է նվազում:
Դատախազը ներկայացրեց ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տրամադրած վիճակագրությունը: Ըստ այդմ՝ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում գրանցվել է հանցագործության 18818 դեպք, մինչդեռ 2023 թվականի նույն ժամանակահատվածում 19891 դեպք էր գրանցվել:
18818 դեպքից 81,7 տոկոսը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններն են, այսինքն՝ նվազ ծանրության դեպքեր, երբ առավելագույն պատժի ժամկետը չի գերազանցում 5 տարին, այս դեպքերով, ըստ դատախազի, հիմնականում գործ ունեն կենցաղային հանցագործությունների հետ:
«Ծանր հանցագործությունները ևս նվազել են 8,2 տոկոսով, բայց դրան հակառակ՝ ունենք մեզ անհանգստացնող վիճակագրություն` աճել են առանձնապես ծանր հանցագործությունները. դրանք 17,8 տոկոսով աճ են գրանցել: Ի՞նչն է մեզ համար մտահոգիչ, և վերլուծության ինքնուրույն առարկա կդառնա տարեկան հաղորդման մեջ, այն, որ զենքի գործադրմամբ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն են աճել»,- ասաց Վարդապետյանը։