Օրերս Բրյանսկի գիմնազիաներից մեկում տեղի ունեցած հրաձգության ժամանակ աշակերտներին իր մարմնով փակած ուսուցչուհուն՝ Օֆելյա Մկրտչյանին, առաջարկում են բնակարան նվիրել և երեխաներին փրկելու համար մեդալ շնորհել:
Ըստ SHOT թելեգրամյան ալիքի՝ նման կոչով Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազին են դիմել «Ժողովրդի կանչ» շարժման ակտիվիստները։
Օֆելյա Էդվարդի Մկրտչյանը կենսաբանության դաս էր վարում, երբ աշակերտուհիներից մեկը՝ 14-ամյա Ալինան, մտել է դասարան և սկսել կրակել։ Ուսուցիչը պաշտպանել է երեխաներին և իրականում փրկել նրանց կյանքը։
«Մենք կարծում ենք, որ այս հերոսական արարքը, որը կատարվել է սեփական կյանքի սպառնալիքի տակ և փրկել մյուս երեխաներին, որոնք կարող էին տուժել, պետք է կարևորվի և խրախուսվի», – ասվում է հասարակական ակտիվիստների հայտարարության մեջ:
Նրանք խնդրում են, որ Օֆելյա Մկրտչյանին պարգեւատրեն «Փրկելու համար» մեդալով, ինչպես նաև դիտարկեն պետության կողմից բնակարան շնորհելու հնարավորությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրյանսկի գիմնազիայում կրակոցներ են հնչել դասաենյակներից մեկում, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Ողբերգական դեպքը տեղի է ունեցել կենսաբանության ուսուցչուհու՝ Օֆելյա Մկրտչյանի դասաժամին։
26-ամյա ուսուցչուհին իրենով ծածկել է երեխաներին, ինչի պատճառով էլ վիրավորվել է։ Այս մասին Info24-ի թղթակցի հետ զրույցում ասել էր գիմնազիայի նախկին սան Ալեքսանդր Սիմոնովը։
«Հրաձգությունը տեղի է ունեցել նրա դասին: Նա երեխաներին պաշտպանել է իր մարմնով, ինչի պատճառով էլ վիրավորվել է: Նա հիանալի ուսուցիչ է, նա միշտ ամեն ինչ անում է երեխաների համար, նա շատ երիտասարդ է, նա նոր է եկել՝ երեք-չորս տարի առաջ: Նա բոլորի հերոսուհին է»,- պատմել է զրուցակիցը:
Tert.am