Վրաստանում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքով։ Այս մասին տեղեկություն է տարածել mtavari.tv-ն։
Նշվում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու կասկածանքով Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնի կողմից երեկ ձերբակալված երկու օտարերկրացիներից մեկը Ադրբեջանի քաղաքացի է, մյուսը՝ Ռուսաստանի քաղաքացի։
Ըստ Պետական անվտանգության ծառայության, նրանք ձերբակալվել են այն պատճառաբանությամբ, որ պայմաններ են ստեղծել Վրաստանի տարածքով միգրանտին ապօրինի այլ երկիր ուղարկելու և Վրաստանում նրա գտնվելու համար։
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով mtavari.tv-ին, գրում են, որ դատարանի որոշմամբ, Ադրբեջանի քաղաքացին կալանավորվել է մի շարք անօրինական գործողությունների մեղադրանքով։
Ձերբակալվածների փաստաբան Անի Սիշնիաշվիլին հայտարարել էր, քանի որ Պետական անվտանգության ծառայությանը չի հաջողվել ապացույցներ ձեռք բերել, հետաքննությունն իրականացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի (ապօրինի կերպով հրազեն և պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու և կրելու մասին) հիման վրա: