Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը, որը ձերբակալվել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարվածելու համար, ազատ արձակվեց։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 31-ին, Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ էր տեղի ունեցել։
ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև վեճ է ծագել, որը վերածվել է ծեծկռտուքի։ Մհեր Սահակյանը հարվածել է Վլադիմիր Վարդանյանի դեմքին, ինչից հետո նրան տարել են ոստիկանություն, ապա՝ ձերբակալել, Վլադիմիր Վարդանյանին՝ հիվանդանոց։ Մի քանի ժամ անց նրան դուրս են գրել։
Մհեր Սահակյանն այսօր՝ ազատ արձակվելուց հետո, նկարագրել է կատարվածը. «Հանձնաժողովի նիստի ժամանակ Վլադիմիր Վարդանյանը մի քանի անգամ ձայնը բարձրացրել է ընդդիմադիր պատգամավորների վրա՝ դրսևորելով ագրեսիվ վարքագիծ, որպես նախագահող՝ չարաշահել է իր լիազորությունները։ Հերթական անգամ այդպիսի վարքագիծ դրսևորելու ժամանակ փորձեցի նրան սաստել։ Դրանից նա ավելի ոգևորվեց։ Ոտքի կանգնեց, քայլեց դեպի ինձ՝ գոռալով՝ ում վրա ուզի, կարող է գոռալ։ Հաշվի առնելով իշխանական պատգամավորների՝ մինչ այդ դրսևորած վարքագիծը, որ հարվածել են ընդդիմադիր պատգամավորներին, դիմեցի ինքնապաշտպանության և մի անգամ հարվածեցի նրան»։
Մհեր Սահակյանը հայտարարեց, որ ձեռքով է հարվածել, վարկածները, թե իբր երկաթե գործիք է եղել ձեռքին, սուտ են։
Սոցցանցերում տարածված տեսանյութի վերաբերյալ, թե նա հարվածելուց հետո փախել է, պատգամավորը պատմեց, որ հանձնաժողովի նիստին ուշացած է գնացել, այդ պատճառով էլ վազելով է մտել սենյակ։ Այդ հատվածը ևս տեսագրվել է, բայց հետո մոնտաժվել ու ներկայացվել, թե իբր նա հանձնաժողովի սենյակից փախել է։ Իսկ հարվածելուց հետո գնացել է փորձագետների սենյակ, որպեսզի ծեծկռտուքն ավելի չբորբոքվի
«Ես ինքնապաշտպանություն եմ իրականացրել, եթե վարույթ իրականացնող մարմինը կգտնի, որ անցել եմ սահմանը, պատրաստ եմ պատասխան տալ։ Այս ամենը այնքան մանր հարցեր են, Տեղ գյուղում ստաղծված իրավիճակն է կարևոր հիմա»,- հայտարարեց Մհեր Սահակյանը։