Կարեն Գրիգորյանի պաշտպան Էդուարդ Հովհաննիսյանը գրում է․
«ՀՀ ԱԺ պատգամավոր, Գյումրու համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառեց այլընտրանքային խափանման միջոց վարչական հսկողություն, որի հետ համաձայն չենք և պատրաստվում ենք դատարանի որոշումը բողոքարկելու Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան»։
Հիշեցնենք, որ երեկ իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություններ էին իրականացրել Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբում, տանը, ձերբակալել էին Գրիգորյանի հորն ու որդուն։
Այսօր դատարանը քննում էր քննիչի միջնորդությունները նրանց նկատմամբ վարչական վերահսկողություն սահմանելու վերաբերյալ։ Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի նկատմամբ դատարանի որոշմամբ սահմանվել է վարչական վերահսկողություն։
Ինչ վերաբերում է Մարտուն Գրիգորյանի հորը, որը նույնպես ձերբակալվել էր, դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը կիրառեց վարչական վերահսկողություն խափանման միջոցը, արգելեց երեկոյան ութից մինչև առավոտյան ութը Կամո Գրիգորյանին լքել բնակարանը: Այս մասին հայնտեց փաստաբան Արսեն Բաբայանը: