Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։
Աղվան Հովսեփյանը նիստին ներկա չէր: Պաշտպանական կողմի փոխանցմամբ՝ նա տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ։
Ա. Հովսեփյանի բացակայությամբ դատարանը քննեց փորձագետներ ներգրավելու պաշտպանների միջնորդությունը:
Փորձագետները ներգարավվեցին, հենց նրանց տված եզրակացությունն է որոշիչ լինելու՝ արդյո՞ք Աղվան Հովսեփյանի մոտ առկա հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ, թե ոչ:
Փաստաբանները, սակայն, մտավախություններ ունեն՝ փորձագիտական հանձնաժողվում ներգրավված մասնագետները պետական համակրգի աշխատակիցներ են: Չի բացառվում, որ մասնագիտական եզրակացություն կազմելիս հանձնաժողովը կաշկամդված լինի:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն, գործով անցնող ամբաստանյալ Վրեժ Մարկոսյանի անշարժ, շարժական գույքի ու դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացվեց։ Արգելանքը մնաց սակայն հրատարակչության Վրեժ Մարկոսյանի շահաբաժնի՝ 674 մլն դրամի վրա։
Դատարանը թույլատրեց, որ հերթական բուժման նպատակով ամբաստանյալ Մարկոսյանը օգոստոսի 14-ից 25-ը բացակայի երկրից: Նա Գերմանիա կմեկնի:
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին: Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։
Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: