Դատարանի որոշումը հրապարակվեց երեկ գիշերը՝ ժամը 1:30: Սամվելը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։ Հիմա տանն է. Հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա շարունակել է.
Նորմալ երկրում դատարանի որոշումը (տնային կալանք + 7 մլն գրավ) կլիներ անհամաչափ։ Սակայն առկա պայմաններում մենք՝ Վարազդատը, Արամն ու ես, դատական նիստի ընթացքում եկանք այն համոզման, որ «բանտային կալանք»-ից խուսափելու միակ իրատեսական տարբերակը տնային կալանք և խոշոր չափով գրավ միջնորդելն է։ Գրավը մենք միջնորդել էին նույնիսկ 10 մլն-ի չափով։
Խոշտանգման մասով. ինձ քիչ առաջ զանգահարեց ՔԿ մի քննիչ և հայտնեց, որ նախաձեռնվել է քրեական վարույթ և վաղը Սամվելին հրավիրում է հարցաքննության։ Սայլը ՄԵԾ ՈՒՇԱՑՈՒՄՈՎ տեղից շարժվեց։
Բազմաթիվ մարդիկ են գրում՝ գրավի հարցում օգնելու պատրաստակամությամբ։ Գրավի չափն իրոք շատ խոշոր է, ուստի շուտով կխոսեմ Սամվելի հետ (ես ունեմ իրավունք նրա հետ հաղորդակցվելու, իսկ դուք՝ ոչ) և կառաջարկեմ տրամադրել հաշվեհամար, որ ցանկացողները կարողանան մասնակցել։ Նկատի ունեցեք, որ գումարը վերադարձվելու է այն ժամանակ, երբ բուն վարույթն ավարտվի (կարող է տևել 1-2 տարի):
Կրկին մեծ շնորհակալություն աջակցության համար։ Առանց հանրային լայն համախմբման (քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցներ, հանրային գործիչներ, քաղաքացիներ)՝ մեզ չէր հաջողվի արդյունք ունենալ։ Ուրախ ենք, որ մենք կարողացանք տեղ հասցնել ամենակարևոր ուղերձը՝ սա ոչ միայն ու ոչ այնքան Սամվելի հարցն է, որքան մեզնից յուրաքանչյուրի ու մեր զավակների։