Հայի արյան ծարավ լինելու մասին ադրբեջանցիները խոսում են ոչ թե գողեգող, թաքուն, այլ լրիվ բացահայտ։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը ոչ թե ոտնահարում է միջազգային նորմերը և մարդու իրավունքները, այլ իրեն ցուցադրաբար հակադրում է միջազգային իրավունքին և նորմերին, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում ադրբեջանցի «էկոակտիվիստի» հայտարարությանը, որ ի պատիվ նովրուզի՝ ինքը պատրաստ է հայի սպանել և նրա արյունը ավելացնել լուլա-քաբաբի մեջ։
«Սա Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության ուղղակի բնութագող գծերից մեկն է։ Ադրբեջանցիներն ուզում վախեցնել և հոգեբանորեն ահաբեկել հայերին և հնարավորինս «փոքր արյունով» (կներեք այս բոնորոշման համար) արցախահայությանը պարտադրել լքելու իրենց պատմական հայրենիքը։ Սա մեթոդ է, որը նկարագրված է բազմաթիվ ցեղասպանագիտական նյութերում։ Բերձորի միջանցքում հայի արյուն տենչացող ադրբեջանցու ցուցադրական հայտարարությունն ինքնին ցեղասպանական գործողություն է»,- նշեց իրավապաշտպանը։
Մեր զրուցակիցը միաժամանակ շեշտեց՝ ՀՀ բարձրագույն մարմինները չպետք է պետական մակարդակով անդրադառնան ադրբեջանցի մարդակերների (բնորոշումը Լարիսա Ալավերդյանինն է՝ խմբ.) այսօրինակ հայտարարություններին, մինչդեռ պետք է հստակ դիրքորոշում հայտնեն ադրբեջանական պետական շրջանակներից հնչող հայատյաց հայտարարությունների առնչությամբ։
Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ ՀՀ գործող իշխանությունները հիվանդագին քաղաքականություն են որդեգրել՝ Արևմուտքին ամեն կերպ ցույց տալու, որ իրենք խաղաղասեր են և հայատյաց հայտարարությունները չեն նկատում։
«Պետք է ասեմ, որ նման «խաղեր» եղել են նաև 90-ականների սկզբից՝ մինչև 98 թվականը, որ իբր պետք է հայկական կողմը չարձագանքեր միջազգային տարբեր հարթակներում ադրբեջանցիների հոխորտանքներին։ Անգամ եղել է դիվանագետներին ուղղված ոչ գրավոր հրահանգ, որ երբ ՄԱԿ-ում կամ ԵԽ-ում ադրբեջանցիների կողմից որևէ հակահայ սադրանք լինի, հայկական ներկայացուցչությունը չարձագանքի։ Դիվանագետներին հավատացնում էին, որ եթե նրանք պատասխանեն Ադրբեջանի ներկայացուցիչների սադրանքներին, հայերն Արևմուտքի աչքին քաղաքակրթությունից հեռու ազգ կերևան՝ նման հետամնաց ադրբեջանցիներին։
Այժմ էլ նույնն է՝ պարզապես իմիտացիա, որով ՀՀ իշխանությունները ոչ թե մտահոգություն կամ ռեալ քայլեր են անում Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման ուղղությամբ, այլ Արևմուտքի աչքին լավը երևալու փորձ։ Սա էժանագին խաղ է, որը, սակայն, շատ թանկ է նստում մեզ վրա։
Ադրբեջանցիներին չարձագանքնելն ինձ նորից հիշեցնում է 90-ականները, այսինքն՝ ձևացնել, որ տեսեք-տեսեք՝ մենք նրանց նման չենք, մենք խաղաղություն ենք ցանկանում»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։
Հիշեցնենք, որ երեկ համացանցում տարածված տեսանյութում Բերձորի միջանցքը փակած ադրբեջանցի «էկոակտիվիստներից» մեկն անթաքույց հայտարարում է՝ «Ի պատիվ Նովրուզի՝ կսպանեմ հայի ու նրա արյունը կավելացնեմ լուլա-քաբաբին»։