Փաստաբան Արթուր Պիվազյանը գրում է. «Այսօր տարբեր լրատվական կայքերից տեղեկացա, որ լուրեր են շրջանառվում, թե վարույթն իրականացնող մարմինը խուզարկություններ է իրականացրել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի հարազատների բնակարաններում, աշխատասենյակում, որոնց արդյունքում առգրավվել են մի քանի համակարգիչ և 9900 ԱՄՆ դոլար գումար։
Նախ ցանկանում եմ տեղեկացնել, որ, վարույթն իրականացնող մարմինն Արամ Ազատյանի հարազատների բնակարաններում խուզարկություններ իրականացրել է ոչ թե հիմա, այլ սույն թվականի հուլիսի 3-ին, այսինքն՝ մինչև Արամ Ազատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն դատարան ներկայացնելը։
Հուլիսի 3-ից սկսված մինչ այս պահը Արամ Ազատյանի հարազատների բնակարաններում ոչ մի խուզարկություն չի իրականացվել։ Այսինքն՝ այս տեղեկությունը հայտնի է եղել նույնիսկ մինչև Արամ Ազատյանին ձերբակալելը, հետևաբար այն այս պահին տարածելու շարժառիթն անհասկանալի է։
Երկրորդ, Արամ Ազատյանի հարազատների բնակարաններում իրականացված խուզարկությունների արդունքում թե ինչ է առգրավվել, չեմ կարող ասել, քանի որ նշված քննչական գործողություններին չեմ մասնակցել և այդ մասով որևէ տեղեկություն չունեմ։
Նշված քննչական գործողությունների արձանագրությունները և դատարանների համապատասխան որոշումները տրամադրելու միջնորդություն եմ ներկայացրել վարույթն իրակամոնացնղ մարմնին։
Երրորդ, Արամ Ազատյանի աներոջ տան խուզարկությամբ, եթե իրականում հայտնաբերվել է 9900 ԱՄՆ դոլար, ապա պետք է նշեմ, որ Արամ Ազատյանի կնոջ հայրը գործարար է, ով բիզնես գործունեությամբ զբաղվում է դեռևս 90-ականների սկզբերից։
Չորրոդ, ArmLur.am կայքում Արամ Ազատյանի մասին տպագրված հոդվածը ուղեկցվում է նաև մի տեսանյութով, որտեղ Արամ Ազատյանի աներոջ տան խուզարկությամբ 9․900 ԱՄՆ դոլար առգրավվելու լուրը պատկերվում է 20․000 ՀՀ դրամանոցնեով մի նկար, որոնց վրա գրված է «կաշառք» և որը ոչ մի կապ չունի Արամ Ազատյանի քրեական վարույթի հետ։ Հարգելի ԶԼՄ ոլորտի գործընկերներ, իրականությանը չհամապատասխանող և ոչ ճիշտ տեղեկություններ, իրականության հետ որևէ կապ չունեցող նկարներ և տեսանյութեր, խնդրում եմ, մի տարածեք։ Միանշանակ Արամ Ազատյանի հարազատներից ոչ մեկի բնակարանի խուզարկությամբ «կաշառք» գումարներ չեն հայտնաբերվել»։