Չէի ասի, որ փորձի պակասը խանգարեց ինձ, որովհետև պատրաստվել էի, Օլիմպիական խեղերին մեկնել էի՝ միայն հաղթող ճանաչվելու համար, լրագրողների հետ զրույցում ասաց Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը։
«Սակայն չկարողացա ճիշտ դասավորել գոտեմարտս, ճիշտ չգոտեմարտեցի մրցակցիս հետ, որը ինձ բերեց պարտության, և բավարարվեցի բրոնզե մեդալով»,- ասաց մարզիկը։
Հարցին՝ պատրաստվելու է արդյոք Լոս Անջելեսի օլիմպիական խաղերին, Ամոյանը դրական պատասխան հնչեցրեց։
«Այո, կպատրաստվեմ արդեն մյուս Օլիմպիական խաղերին։ Այս անգամ չստացվեց, կփորձեմ մյուս Օլիմպիական խաղերում մեդալիս գույնը փոխել ոսկե մեդալով։ Փառք Աստծո, կարողացա մեդալով վերադառնալ։ Երևի այս պահին սրան էի արժանի, այս մեդալին էի պատրաստվել։ Բայց չեմ կարող ասել, որ լիովին ուրախ եմ, քանի որ նպատակս այլ էր»,- ասաց օլիմպիական չեմպիոնը։
Անդրադառնալով Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին՝ Մալխաս Ամոյանը շեշտեց, որ վերջինիս գոտեմարտը մրցավարները սխալ են դատել, և Արթուրն այսօր կարող էր ոսկե մեդալակիր լինել։
«Մեր Սլավիկի գոտեմարտը, Արսեն Հարությունյանի, մեր Վազգենի գոտեմարտերը… Կարելի է ասել մեր բոլոր տղաների դեպքում, բացի ինձնից, կողմնապահություն կար, որը նրանց համար ճակատագրական եղավ»,- ասաց մարզիկը։
ԿԳՄՍ նախարար Կարեն Գիլոյանն էլ, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ չիրականացան իր կանխատեսումները, թե հայ մարզիկներն ՕԽ-ից տասը մեդալ են բերելու՝ ասաց. «Չեմ ասել՝ մեդալ կնվաճեն, ասել եմ՝ 15-ից 10-ը մեդալ նվաճելու հնարավորություն ունեն, և պնդում եմ դա»:
Անդրադառնալով հատկապես արծաթե մեդալ նվաճած Արթուր Ալեքսանյանին՝ Գիլոյանը հիշեցրեց, որ մեդալի բողոքարկման գործընթաց են նախաձեռնել։
«Հարյուր տոկոսով մրցավարները, ուզում եմ հուսալ՝ սխալվել են, ոչ թե միտումնավոր են արել։ Հույսեր ունեմ, որ ի վերջո ՄՕԿ-ի համապատասխան հանձնաժողովը արդարացի որոշում կկայացնի։ Եթե անգամ իրենք չկայացնեն, Լոզանի դատարան ենք դիմելու։ Ակնհայտ է, որ Արթուրը պետք է ոսկին բերեր։ Կան նախադեպեր, մենք պարսիկի ոսկե մեդալի վրա աչք չունենք, բայց թող մեր ոսկե մեդալը մեզ տան:
Ամենը կկցվի, կուղարկվի: Մենք ուղարկել ենք առաջին մասը, վաղը կամ մյուսները մնացած փաստերը կուղարկենք: Մեր Արթուրը շատ ուժեղ է, ուրիշներն էլ են ուզում չեմպիոն դառնալ, բայց մենք թույլ չենք տա, կպայքարենք մինչև վերջին աստիճան: Իրանցի մարզիկի հետ ոչ մի խնդիր չունենք: Մեր խնդիրը սխալ մրցավարությունն է, դրա դեմ կպայքարենք»,- ասաց Կարեն Գիլոյանը: