Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ըմբշամարտի Եվրոպայի առաջնության վերջին օրը հունահռոմեական ոճի 97 կգ քաշային կարգում իր կարիերայում 6-րդ անգամ չեմպիոն հռչակվեց Արթուր Ալեքսանյանը, որը եզրափակչում պարտության մատնեց Բուլղարիան ներկայացնող Կիրիլ Միլովին։
31-ամյա հայ ըմբիշն իր պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 3։1 հաշվով պարտության էր մատնել վրացի Ռոբերտի Կոբլիաշվիլիին։ Քառորդ եզրափակչում Արթուր Ալեքսանյանի մրցակիցը հունգարացի Տամաշ Լևաին էր, որին հայ ըմբիշը պարտության մատնեց 7։ 4 հաշվով։
Կիսաեզրափակիչ գոտեմարտում Ալեքսանյանը մրցեց Չեխիան ներկայացնող Արթուր Օմարովի հետ և ջախջախեց նրան 9։0 հաշվով։
Եզրափակչում Արթուր Ալեքսանյանին փորձեց դիմակայել Եվրոպայի 2022թ․ չեմպիոն Կիրիլ Միլովը, սակայն նա նույնպես չկարողացավ գերազանցել մեր ըմբիշին, և Ալեքսանյանը հաղթեց 5:1 հաշվով՝ դառնալով Եվրոպայի վեցակի չեմպիոն։ Վերջին անգամ Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել 2020 թվականին Հռոմում։
Արթուր Ալեքսանյանը նաև աշխարհի քառակի չեմպիոն է և Օլիմպիական խաղերի հաղթող։