2021թ. դեկտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունից Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն է ուղարկվել ՀՀ քաղաքացի Ռոման Բաղդասարյանի մասնակցությամբ տեսանյութը, որում վերջինս հայտարարել էր Արցախի պաշտպանության բանակի սպաների, նախկին գեներալների կողմից պատերազմի ընթացքում «սպանություններ կատարելու», «նման արարքներ կատարելու հրամաններ տալու» և այլ ենթադրյալ հանցավոր դեպքերի վերաբերյալ:
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քրեադատավարական գործողությունների արդյունքներով Ռոման Բաղդասարյանի հայտարարությունները հերքվել են, որոնց հիման վրա որոշում է կայացվել հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
Հիշյալ հանգամանքները հաշվի առնելով՝ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ Ռոման Բաղդասարյանի կողմից սուտ մատնություն կատարելու ենթադրյալ հանցավոր դեպքի կապակցությամբ: