Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկել է Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու հարցը։
Հայաստանի իշխանությունները կարևորում են Հռոմի ստատուտը վավերացնելու առաջնահերթությունը, քանի որ այն թույլ կտա պատասխանատվություն ենթարկել Բաքվի բռնապետին։
«Հռոմի կանոնադրությունն ունի դրույթներ, որոնք նախատեսում են, թե ինչպիսի ընթացակարգով է այն ուժի մեջ մտնում։ Օրենքով նախատեսված է հենց 60-օրյա ժամկետ ուժի մեջ մտնելու համար՝ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին ծանուցումը Դատարանին ուղարկելուց հետո։ Դա ընդունված պրակտիկա է միջազգային պայմանագրերի դեպքում»,-Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նշենք, որ Կառավարությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունն (Հռոմի ստատուտ) վավերացնելու նպատակով ուղարկել էր Ազգային ժողով:
Սահմանադրական դատարանը ճանաչել էր սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված, Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարանը դիմել էր Կառավարությանը։