Ռուսաստանի Դաշնությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբ տարբեր երկրների Արտաքին գործերի նախարարությունները հայտարարություններ են տարածում, իսկ երկրների ղեկավարներն էլ զանգահարում են Վլադիմիր Պուտինին և իրենց զորակցությունը հայտնում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի զանգահարել ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարին, ՀՀ ԱԳՆ-ն ևս որևէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:
ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Tert-ին փոխանցեց, որ Ռոստովի մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված, մարզում գտնվող ՀՀ քաղաքացիներն ըստ անհրաժեշտության կարող են կապ հաստատել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ, այն շարունակում է աշխատել բնականոն հունով։
Բացի վերոնշյալից, ԱԳՆ-ն այլ ավելացնելու բան չունի:
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանից: Նրա հետ, սակայն, կապ հաստատել չհաջողվեց՝ կամ հեռախոսազանգերին չէր պատասխանում, կամ էլ լսափողն էր անջատում:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին «Վագներ» ՄՌԿ Թելեգրամ-ալիքում հայտարարություն էր հայտնվել այն մասին, որ ՄՌԿ-ի դեմ օդային գրոհ է իրականացվել։ Մեղքը դրվել էր Ռուսաստանի զինվորական ղեկավարության վրա։ «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինը խոստացել է «վերականգնել արդարությունը»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է հարձակման մեղադրանքները, իսկ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ զինված խռովության կոչելու մեղադրանքով։
Ավելի ուշ Պրիգոժինը հայտարարել էր, որ վերցրել է Ռոստովի ռազմական օբյեկտների, այդ թվում օդանավակայանի վերահսկողությունը։ Էլ ավելի ուշ հայտնվել էին տեղեկություններ, որ բոլոր կարեւոր օբյեկտները Վորոնեժում նույնպես վերցվել են «Վագների» վերահսկողության տակ։