«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգը, ամենայն հավանականությամբ, ՔՊ-ական պատգամավորների միջնորդությունը չի բավարարի, քանի որ գործով կալանավորվածները հրաժարվում են ցուցմունք տալ։
«ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները կրկին քրեակատարողական հիմնարկից էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանին կտանեն կոմիտե՝ հարցաքննության, ու այդ հարցաքննությունից ու ցուցմունքից էլ կախված է գործի ելքը, թե փոխնախարարը կտա անուններ, թե ոչ։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցությունն այսօր առավոտյան ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության աղմկահարույց բացահայտումների գործով կալանավորվածներին ազատ արձակելու երաշխավորությունը:
ArmLur.am-ը երեկ գրել էր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները պատրաստվում են երաշխավորություն ներկայացնել խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կնոջ` Անի Գեւորգյանի, «Սիներջի» ընկերության բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլի Մկրյանի եւ ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի մասով: Իշխանականները երեկվանից ստորագրահավաք են սկսել, որպեսզի երաշխավորություն ներկայացվի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեկ՝ մինչեւ ուշ ժամը, ստորագրությունը շարունակվել է, 71-հոգանոց ՔՊ ֆրակցիայից 5 հոգի չեն միացել քվեարկությանը. նրանցից մի քանիսը վատառողջ են եղել, իսկ երկուսը՝ Արսեն Թորոսյանն ու Հռիփսիմե Գրիգորյանն էլ գտնվում են գործուղման մեջ»։