«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության մեր աղբյուրից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի համար պետբյուջեից 5 նոր ամենագնաց են ձեռք բերել։ Տեղեկությունը հրապարակված չէ, քանի որ գաղտնի որոշմամբ է ձեռք բերվել՝ ԱԱԾ-ի կողմից, եւ տրամադրվել ՊՊԾ-ին, որ սպասարկեն Փաշինյանին ու նրա ընտանիքին։ 4-ը Toyota Land Cruiser 300 մոդելի են, յուրաքանչյուրի արժեքը՝ մոտ 100 հազար դոլար։ Հինգերորդը դիզելային շարժիչով Lexus LX500 շքեղ ամենագնաց է՝ արժեքը 130-150 հազար դոլար։ Այսինքն՝ ավելի քան 500 հազար դոլար է վճարվել պետբյուջեից։
Toyota-ները սպասարկելու են Փաշինյանին՝ որպես ուղեկցող մեքենա, այսինքն՝ անվտանգության աշխատակիցներին, որոնք այժմ տեղաշարժվում են Toyota Land Cruiser 200-ներով։ Իսկ Lexus LX-ը, մեր տեղեկություններով, սպասարկելու է Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, ընդ որում՝ օպերատիվ համարանիշներով։
Նկատենք, որ Փաշինյանի կնոջն այս պահին էլ բավականին թարմ ու շքեղ ամենագնաց է սպասարկում՝ Lexus GX460, բայց, հավանաբար, որոշել են ավելի թարմացնել՝ բյուջեի հաշվին ավելի բարձր դասի ու վերջին սերնդի Lexus LX պատվիրելով։
Մեր տեղեկությունը փորձեցինք ճշտել ԱԱԾ-ից, թեեւ հույս չունեինք, որ հստակ պատասխան կստանանք, քանի որ գաղտնի որոշմամբ կատարված խոշոր գնման մասին է խոսքը։ ԱԱԾ մամուլի վարչությունից ո՛չ հաստատեցին, ո՛չ հերքեցին մեր տեղեկությունը։ Նոր ձեռք բերված ամենագնացներն այս պահին տեխնիկական որոշակի համալրումներ են անցնում եւ մոտ ժամանակներս կսկսեն շահագործվել։
Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ Փաշինյանի համար եւս 2 նոր մեքենա էին ձեռք բերել, մեկը՝ զրահապատ Lexus LX570 ամենագնաց (արժեքը՝ մոտ 250 հազար դոլար)։ Դրանով շրջում է անձամբ ինքը՝ հիմնականում մարզեր մեկնելիս, մյուսը՝ Toyota Hiace, որը դարձյալ ուղեկցող մեքենա է՝ նախատեսված թիկնապահների համար»: