«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանի կամակատար ուժային կառույցները, իրար հերթ չտալով, հաղորդագրություններ էին տարածում՝ փորձելով վախի մթնոլորտ ստեղծել՝ կասեցնել Բագրատ սրբազանի առաջնորդությամբ Երեւան շարժվող երթը։ Լույսը չբացված՝ Արմեն Աբազյանի ԱԱԾ-ն եւ Փաշինյանի համերկրացի Վահե Ղազարյանի ՆԳՆ-ն հայտարարություններ տարածեցին՝ հավաքի մասնակիցներին հորդորելով պահպանել հասարակական կարգը։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին իրավապահները հորդորում էին՝ պահպանել օրինականությունը եւ չոտնձգել իրավակարգի դեմ։
Կեսօրից հետո էլ Արգիշտի Քյարամյանի Քննչական կոմիտեն մտավ «խաղի մեջ»` հայտնելով, թե բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից «ապօրինի զենք ձեռք բերելու եւ պահելու կասկածանքով» սկզբում 2, հետո էլ, թե 16 անձ է ձերբակալվել, հիմքը Տիկ-Տոկում հայտնված ինչ-որ տեսանյութ է:
Պարզ է, որ ուժային կառույցների՝ Փաշինյանի կամակատար ղեկավարները փորձում են տպավորություն ստեղծել, թե շարժման մասնակիցները հանցագործներ են, սպասվում է հանցագործություն պետական կարգի դեմ, իսկ իրենք հասարակական ու սահմանադրական կարգն են պահպանում: Կարծես 2018-ը չի եղել, եւ Նիկոլ Փաշինյանը փողոցով չի եկել իշխանության` այդ սահմանադրական կարգը տապալելով:
Ողջ պետական ապարատը, իշխանական քարոզչամեքենան էլ օրեր շարունակ լծված էին շարժումը վարկաբեկելու, կասեցնելու գործին, սակայն երեկոյան պարզ էր արդեն, որ դա արդյունք չի տվել` ժամը 16:00-ին Հանրապետության հարապարակը լեփ-լեցուն էր, եւ դա խոսում էր Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ հանրության իրական վերաբերմունքի մասին:
Հրապարակը հիշեցնում էր 6 տարի առաջ նույն օրերի հրապարակը, որտեղ մարդիկ Սերժ էին մերժում` Նիկոլին փառաբանում, իսկ 6 տարի անց Նիկոլ են հայհոյում»: