«Հրապարակ» թերթը գրում է. «ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի հարաբերությունները թե՛ ռուս պաշտոնական վերնախավի, թե՛ Հայաստանի դեսպանատան «սթաֆի» հետ այնքան էլ հարթ չեն ընթանում: Արդեն գրել էինք Հայաստանի դեսպանի զգուշավորության մասին, որ նրա՝ թիկնապահների ուղեկցությամբ շրջելու սովորույթը ՌԴ պետական կառույցներում աչք է ծակել, զարմացրել է անգամ ՌԴ ԱԳ նախարարին:
Իսկ վերջերս էլ նոր կոնֆլիկտ է առաջացել դեսպան Հարությունյանի եւ դեսպանորդ Արսեն Առաքելյանի միջեւ: Բանն այն է, որ Վաղարշակ Հարությունյանն ուզում է հնարավորինս անկախ գործել, առանց ՀՀ ԱԳՆ աշխատակազմին տեղյակ պահելու, ինչը դուր չի եկել Արսեն Առաքելյանին եւ մյուս դիվանագետներին, որոնք բոլորն ԱԳՆ-ից են:
Ավելին՝ ըստ էթիկետի, դեսպանին՝ իր հանդիպումների ժամանակ, պետք է ուղեկցեն դիվանագետներ, սակայն նա այնքան չի վստահում դեսպանատան աշխատակիցներին, որ ոչ մի դիվանագետի չի տանում իր հետ, հանդիպումներին գնում է զարմիկի հետ, որը հենց թիկնապահի, համհարզի դեր է կատարում։ Մոսկվայից պատմում են, որ նա զրույցների ժամանակ հաճախ է անդրադառնում 90-ականների պատերազմին ու հաղթանակին եւ ներկայացնում է, որ այդ հաղթանակի հարցում ինքը շատ մեծ դերակատարում է ունեցել՝ համարյա մենակ է հաղթել թշնամուն։
Դեսպանատան մեր աղբյուրների հաղորդած երկրորդ նորությունն էլ այն է, որ շուտով կարող է փակվել Ռուսաստանի Դաշնությունում Արցախի մշտական ներկայացուցչությունը, որն 90-ականներից գործում է: Այս կառույցի դերը կատարելու է դեսպանատան երկրորդ դեսպանորդը: Նրա թեկնածությունը եւս ԱԳՆ-ի ու դեսպանի միջեւ ներքին վեճ է առաջացրել:
Վաղարշակ Հարությունյանը պնդել է, որ այս պաշտոնում նշանակվի իր մտերիմներից մեկը՝ 2021 թվականի հունվարից մինչեւ հուլիս ամիսը պաշտպանության փոխնախարար աշխատած Սուրեն Սահակյանը: Այդ դեպքում դեսպանատան խոհանոցը գրեթե փակ կմնար ԱԳՆ-ի համար, եւ արտգործնախարարությունը դեմ է եղել, որ Վաղարշակ Հարությունյանն իր մարդուն նշանակի երկրորդ դեսպանորդ։
ԱԳՆ-ն իր թեկնածուն ունի: Նա Արցախի ԱԳ փոխնախարարներից է, սակայն դիվանագիտական մեր աղբյուրը անունը չի հստակեցնում: Մինչեւ օրս ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մեկ դեսպանորդ ուներ՝ Արսեն Առաքելյանը, որին, որպես ԱԳՆ-ի «մարդու», դեսպանը հնարավորինս մեկուսացնում է գործերից:
Փորձեցինք կապ հաստատել Արսեն Առաքելյանի հետ, սակայն ապարդյուն: Նա այն տեսակետին է, թե մամուլի հարցերին պետք է պատասխանի միայն ԱԳՆ լրատվականը: Իսկ ԱԳՆ խոսնակը կոնտակտի դուրս չի գալիս եւ տարբերություն չի դնում լրագրողների ու ՀՀ քաղաքացիների միջեւ, ԶԼՄ-ների հարցումներին պատասխանում է քաղաքացիների համար նախատեսված ընթացակարգով ու բավականին դանդաղ:
Առհասարակ հասկանալի չէ, թե այդ դեպքում ինչու է մեր պետությունը մամուլի խոսնակների նման ահռելի ապարատ պահում եւ վճարում հարկատուների գրպանից, եթե ԱԳՆ-ն օպերատիվ լրատվություն չի ապահովում, լրագրողների եւ հանրային իրազեկման աշխատանքներին չի նպաստում: Բայցեւայնպես, մեր հարցման պատասխանը կհրապարակենք՝ ստանալուն պես»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում