2023 թվականի ընթացքում պետական և համայնքային մարմինները մոտ 1 միլիարդ դրամի գնում են կատարել «Ռեգիոնստրոյսերվիս» ընկերությունից, որի սեփականատերն ու տնօրենը մեղադրվում է պետությունից խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար (256 մլն դրամ) հափշակելու գործով. գրում է «Հետք»-ը։
938 միլիոն դրամի պատվեր՝ միայն 2023 թվականի առաջին 5 ամիսներին
Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ի գնորդները 2023 թվականի ընթացքում եղել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Երևանի քաղաքապետարանն ու Մասիսի համայնքապետարանը։ Ընկերության հետ այս տարի կնքվել է ընդհանուր 5 պայմանագիր, որոնցից 3-ը բաժին է հասել ՏԿԵՆ-ին, 1-ական՝ Երևանի քաղաքապետարանին ու Մասիսի համայնքապետարանին։
«Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ն զբաղվում է ճանապարհների գծանշման աշխատանքներով։ 2023 թվականի մայիսի 4-ին ՏԿԵՆ-ը 343 միլիոն դրամի պայմանագիր է կնքել «Ռեգիոնստրոյսերվիսի» հետ, որը պարտավորվել է այդ գումարի դիմաց կատարել Երևան-Գյումրի-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհների գծանշման աշխատանքները։
Մեկ այլ պայմանագրով, որի արժեքը կազմել է մոտ 160 միլիոն դրամ, «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ն պետք է գծանշումներ անի Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի մարզերի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին։
ՏԿԵՆ-ի և «Ռեգիոնստրոյսերվիսի» միջև այս տարվա երրորդ պայմանագիրն էլ կնքվել է 2023թ․ ապրիլի 26-ին։ Մոտ 62 միլիոն դրամի դիմաց ընկերությունը պարտավորվել է գծանշման աշխատանքներ կատարել Արարատի և Արմավիրի միջպետական ու հանրապետական ճանապարհներին։