«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայ առաքելական եկեղեցու դեմ 2018 թվականի իշխանափոխությունից հետո ծավալվող արշավին և ազգային արժեքների դեմ տոտալ պայքարին զուգահեռ՝ Հայաստանի օրվա իշխանություններն այս ընթացքում պարբերաբար «ձեռք են գցում» նաև հայոց պատմությանը։ Մասնավորաբար, ժամանակին ականատես եղանք, թե ինչպես «Հայոց պատմության» դասագրքերում որոշ «սրբագրումներ» իրականացվեցին նորօրյա պատմության առանձին դրվագների հետ կապված, հետո թեման ավելի գլոբալ բնույթ ստացավ, և հերթը հասավ արդեն «Հայոց պատմության» գլոբալ խմբագրման գործընթացին, ինչի վառ օրինակն են 7-րդ դասարանի դասագրքում պատմության աղավաղումն ու աղճատումը։
Ավելին, վերջին շրջանում բավական ակտիվ կերպով սկսել են հնարավոր տարբերակներով տիրաժավորել «հայ ժողովրդի՞, թե՞ Հայաստանի պատմություն» կեղծ թեզը և փորձում արհեստական բանավեճ ստեղծել։ Դրա մասին խոսեց նաև «ցնցված» Նիկոլ Փաշինյանը: «Անկեղծ ասած, այս առաջարկն ինձ ցնցեց ուղղակի հետևյալ տրամաբանությամբ։ Ես ինքս ինձ մեղադրեցի, որ ես այս նրբությունը չեմ նկատել։ Կարող է թվալ, թե սա ինչ բանավեճ է՝ հայ ժողովրդի պատմություն, թե Հայաստանի պատմություն։ Իսկ այդտեղ խորքային, բովանդակային շատ լուրջ տարբերություն կա՝ հայ ժողովրդի պատմությունը ենթադրում է պետականության բացակայության պատմություն՝ պետականության լինելիության դրվագներով, իսկ Հայաստանի պատմությունը ենթադրում է պետականության պատմություն՝ պետականության բացակայության դրվագներով։
Այսինքն, առաջին պատմությունը պետության բացակայության մասին է, որը երբեմն ընդհատվել է պետություն ունենալով, իսկ երկրորդը՝ պետության պատմությունն է, որը երբեմն ընդհատվել է պետություն չունենալով։ Այս կարգի հարցեր կան, որոնք շատ կարևոր են»,-ասել է նա։ Իրականում, «Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը պատահական չի արվում. «տակից» լուրջ գործընթացներ են տեղի ունենում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանի կողմից ուղղորդվող այս քաղաքականությունն ավելի հեռահար նպատակներ է հետապնդում։
Մասնավորապես, մեզ հայտնի է դարձել, որ Փաշինյանը նախատեսում է պատմաբաններից ու պատմությունն ուսումնասիրող փորձագետներից կազմված հանձնաժողով ստեղծել, որոնց առաջ խնդիր է դրել ուսումնասիրել ու վերախմբագրել հայոց պատմությունը և, այսպես կոչված, այլընտրանքային տարբերակ ներկայացնել, որտեղ, ըստ օրվա իշխանությունների, պետք է ներկայացված լինեն հայ ազգի իրական խնդիրներն ու պատմական դրվագները՝ առանց պաթետիկ փաթեթավորումների ու զեղումների։ Ի դեպ, մեր տեղեկություններով, սրան զուգահեռ առաջիկայում խնդիր է դրվելու վերանայել ՀՀ զինանշանը, հնարավոր է՝ նաև հիմնը»: