«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե իրավապահները ինչ հարցեր են տալիս քաղաքացիներին, որոնք հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից կիրառված լուսաձայնային նռնակներից վիրավորում էին ստացել:
Մասնավորապես, նրանք քաղաքացիներին հարցնում են, թե ինչ գործ ունեին Բաղրամյան պողոտայում, արդյոք իրենց ստիպել են ու տարել են ակցիայի կամ շահագրգռել։
Դատելով իրավիճակից՝ իրավապահները տուժած քաղաքացիներին հարցաքննում են ոչ թե նրանց հետ կատարվածի մեղավորներին՝ ասել է թե՝ ոստիկաններին պատժելու եւ նրանց իրավունքները պաշտպանելու համար, այլ քաղաքացիներին հանրահավաքի հրավիրողներին կամ կազմակերպողներին հայտնաբերելու նպատակներով։
Ի դեպ, նռնակների պայթյուններից տուժած շատ քաղաքացիներ էլ դեպքից 6 օր անց դեռ սպասում են դատաբժիշկներին, որոնք ուշացնում են հասարակ եզրակցությունների տրամադրումը։
Այս պատկերին զուգահեռ իրավապահները ակտիվ գործընթաց են սկսել եւ «քաղաքական հրահանգի արդյունքում» կալանավորում են «Տավուշը հանուն հայրենիքի շարժման մասնակիցներին»։ Ապրիլից մինչեւ օրս տեղի ունեցած ակցիաների հետեւանքով կալանավորված է 29 քաղաքացի։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում նոր կալանավորումներ եւս կլինեն»: