«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Երևանում տեղի ունեցավ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության բացման արարողությունը: Նախաձեռնության ղեկավարը Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն է: Նրա խոսքով, «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունն առաջին հերթին անհատական և խմբային պատասխանատվություն է:
«Այսօր Հայաստանը կանգնած է գոյաբանական խնդիրների առջև, ու այս նախաձեռնությունը մեր արձագանքն է այն իրականությանը, որ այսօր ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում: Այն հիմնադրվել է, որպեսզի դիմագրավի, խոչընդոտի և կիրառական քայլեր ձեռնարկի այն գործողությունների դեմ, որոնք այսօր ապամոնտաժում են հայկական պետությունը»,-ասում է Նաիրի Սարգսյանը:
Վերջինս նաև ընդգծում է, որ ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի թիվ մեկ հարցը պետք է լինի Արցախի հակամարտությունը, Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունը, Ռուսաստանի հետ հարաբերություններում Արևմուտք-Ռուսաստան և Արևմուտք-Չինաստան հարաբերություններն ու դրանցում առկա նրբությունները հաշվի առնելը, Իրանի հետ հավասարակշռված, փոխշահավետ, ազնիվ քաղաքականության ապահովումը և այլն:
Ի դեպ, նշենք, որ այս նախաձեռնության շուրջ հավաքված են իրենց ոլորտներում փորձ ունեցող, ճանաչված մասնագետներ, որոնք հանրությանը հայտնի են իրենց անձնային որակներով, կրթությամբ, կատարած աշխատանքով, նաև քաղաքական հաստատուն սկզբունքներով»: