Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծիսական և դավանաբանական կյանքում Սուրբ Պատարագը հանդիսանում է կենտրոնական խորհրդով լիակատար պաշտամունքը, որի միջոցով հավատացյալը հաղորդվում է Քրիստոսի Մարմնին և Արյանը։ Սակայն Պատարագի վավերությունը ոչ միայն հոգևոր, այլև իրավական բնույթ ունի, քանի որ այն պայմանավորված է քահանայի՝ Եկեղեցու կողմից տրված կանոնական իրավասությամբ և օրհնությամբ։
Այս հարցադրումը հատկապես կարևոր է այն պարագայում, երբ ծիսական կյանքում երբեմն առաջանում են իրավիճակներ՝ կապված Կաթողիկոսի կամ թեմակալ առաջնորդի հիշատակության բացթողման, կամ՝ կարգալույծ քահանաների կողմից ծեսեր կատարելու դեպքերի հետ։ Ներկայիս հոդվածի նպատակն է՝ ուսումնասիրել, թե ինչ է նշանակում քահանայի կանոնական կարգավիճակը և ինչպես է այն ազդում Սուրբ Պատարագի վավերության վրա՝ պատմա-կանոնական փաստերի հիման վրա։
Ա. Պատարագի անփոփոխելիության սկզբունքը
Սուրբ Պատարագը Եկեղեցու հաստատուն ավանդության պտուղ է, որի ձևավորումը կատարվել է IV–VIII դարերի ընթացքում։ Հայ եկեղեցական ավանդությունը՝ սկսած Թարգմանական ժողովներից մինչև Ներսես Շնորհալիի և Գրիգոր Տաթևացու մեկնությունները, շեշտում է մեկ հիմնարար կանոն՝ ծեսը փոփոխության ենթակա չէ անհատական կամքով։
«Թող ոչ ոք իր կամքով չփոխի հաստատված կարգերը, այլ ըստ ընդունված կարգի կատարի Տիրոջ սուրբ խորհուրդները» (Ս. Ներսես Շնորհալի):
Այդ պատճառով Պատարագի յուրաքանչյուր բաղադրիչ, այդ թվում՝ Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի հիշատակությունը, կրում է ավանդաբար հաստատված և պարտադիր բնույթ։
Բ. Հովվապետական հիշատակության դերը Պատարագում
Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի համար հնչող օրհնանք–մաղթանքը Պատարագի վերջին բաժնում՝
«Եւս առաւել զեպիսկոպոսապետն մեր եւ զպատուական հայրապետն ամենայն Հայոց զՏէր Տէր () սրբազնագոյն կաթողիկոսն, եւ (վիճակիս) զբարեխնամ առաջնորդն զՏէր () սրբազան (արք) եպիսկոպոսն, շնորհեսցես մեզ ընդ երկայն աւուրս ուղիղ վարդապետութեամբ», չի հանդիսանում արտաքին ծիսական հավելում, այլ՝ եկեղեցաբանական ակտ, որով հաստատվում է հավատացյալ համայնքի աղոթական միասնությունը իր հովվապետերի հետ։
Հիշատակությունը խորհրդանշում է երեք իրողություն․
1. Եկեղեցու վարչական միասնությունը,
2. Քահանայի կարգավոր ենթակայությունը,
3. Եկեղեցու ամբողջական աղոթքը՝ իր Կաթողիկոսի գլխավորությամբ։
Ս. Կիպրիանոս Կարթագենացին գրում է․
«Եկեղեցու միությունը պահվում է այն ժամանակ, երբ յուրաքանչյուրն իր եպիսկոպոսի հետ է, և ամբողջ եպիսկոպոսությունը՝ միացած է Կաթողիկոսի գլխավորությամբ» (Epistula 66, ad Florentium)։
Այս ավանդությունն արտահայտվեց նաև Հայ Եկեղեցու կյանքում՝ որպես անբաժան մաս Սուրբ Պատարագի։
Գ. Քահանայի կանոնական կարգավիճակը
Քահանան Սուրբ Եկեղեցու մեջ գործում է ոչ թե իր անձնական հեղինակությամբ, այլ՝ Եկեղեցու շնորհով, որն իրեն տրվում է ձեռնադրությամբ և հովվապետի օրհնությամբ։
«Անօրհնյալ ձեռքով թող ոչ ոք չմոտենա սուրբ խորանին, քանզի առանց ձեռնադրության և օրհնության եղած քահանան օտար է զոհասեղանին»
(Ս. Ներսես Շնորհալի, Կանոն 10):
Այսինքն՝ քահանայի ծիսական իրավունքը պայմանավորված է նրա կանոնական ենթակայությամբ՝ Կաթողիկոսին և թեմակալ եպիսկոպոսին։
Առանց այդ ենթակայության և օրհնության՝ քահանան չի ներկայացնում Եկեղեցուն, հետևաբար՝ չի կարող հանդես գալ որպես Սուրբ Խորհուրդների վավեր սպասավոր։
Դ. Կարգալույծ (կարգազրկված) քահանայի ծառայության անվավերությունը
Կարգալույծ քահանան այն անձն է, որից եկեղեցական իշխանությունը զրկել է քահանայական շնորհից՝ հավատաքննության կամ կարգապահական որոշման հիմքով։
Եվ ըստ համընդհանուր եկեղեցական իրավունքի՝ կարգալույծ քահանայի կողմից կատարված բոլոր խորհուրդները՝ Սուրբ Պատարագ, Մկրտություն, Հաղորդություն, Ապաշխարություն և այլն,
համարվում են անվավեր։
Այս մասին միաձայն վկայում են թե՛ ընդհանրական, թե՛ հայ եկեղեցական կանոնները․
Ա. Նիկիական ժողովի (325 թ.) Կանոն 4․
«Քահանան առանց եպիսկոպոսի կամ նրա համաձայնության թող ոչինչ չկատարի․ կատարածն անգործ է համարվում»։
Բ. Ս. Գրիգոր Տաթևացի, Գիրք Հարցմանց, Բ գիրք, հարց 56․
«Կարգալույծ քահանայի մատուցած խորհուրդները ոչ միայն անօգուտ են, այլ՝ վնասակար հոգիներին, քանզի կատարողը օտար է Սուրբ Հոգու շնորհից»։
Գ. Կանոնագիրք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու (2007), գլուխ IX, էջ 312–315. «Զրկված հոգևորականը կորցնում է իր բոլոր ծիսական իրավունքները, և նրա կողմից կատարված որևէ ծես վավեր չէ»։
Ուստի՝ կարգալույծ կամ արգելված քահանայի մատուցած Սուրբ Պատարագը ոչ թե պարզապես անթույլատրելի, այլ՝ անվավեր և մեղավոր արարք է։
Ե. Հիշատակության բացթողման և կարգալույծության տարբերությունը
Հարկ է տարբերել՝
• ծիսական սխալը,
• և կանոնական անօրինությունը։
Ա. Եթե գործող քահանան պատարագում բաց է թողնում Կաթողիկոսի կամ թեմակալ առաջնորդի հիշատակությունը՝ անզգուշությամբ կամ չիմացությամբ, ապա դա ծիսակարգի խախտում է, սակայն Պատարագը մնում է վավեր։ Քահանան կարող է ենթարկվել նկատողության, բայց հաղորդությունը վավեր է։
Բ. Իսկ եթե նույն քահանան զրկված է կարգից կամ արգելված է ծառայությունից, ապա նրա մատուցած բոլոր խորհուրդները՝ ներառյալ Պատարագը, անվավեր են, որովհետև նա այլևս չի ներկայացնում Եկեղեցուն։
Զ. Եկեղեցաբանական մեկնություն
Եկեղեցու եկեղեցաբանական ընկալմամբ՝ քահանան Սուրբ Խորհուրդներ չի կատարում որպես անհատ, այլ որպես Եկեղեցու ամբողջ մարմնի ներկայացուցիչ։
Երբ նա զրկվում է այդ կարգավիճակից, ապա զրկվում է նաև Սուրբ Հոգու շնորհի ներգործությունից։
Ս. Կիպրիանոս Կարթագենացի․
«Նա, ով բաժանվել է Եկեղեցուց, թող գիտակցի՝ չունի ոչ քահանայություն, ոչ զոհ, ոչ հաղորդություն, որովհետև մեկ Տաճար կա և մեկ զոհասեղան»(De Unitate Ecclesiae, 17)։
Այս վարդապետական հիմքը ձևավորեց հետագա բոլոր կանոնների իրավական տրամաբանությունը։
Եկեղեցու հավատքը, ավանդությունը և իրավունքը միասին հաստատում են, որ քահանայի կանոնական կարգավիճակը ոչ թե ձևական պահանջ է, այլ՝ Սուրբ Հոգու շնորհի պայման։
Առանց այդ կարգավիճակի՝ Պատարագը դադարում է լինել Սուրբ Խորհուրդ և վերածվում է դատարկ ծեսի։ Եկեղեցին հաստատուն է իր կարգերի մեջ ոչ թե իշխանական բնավորությամբ, այլ որպեսզի հավատացյալը վստահ լինի՝ իր առջև ծառայում է Եկեղեցու օրհնությամբ գործող քահանա, ոչ թե ինքնակոչ։
«Եկեղեցին միաբանությամբ է կենդանի, և հնազանդությամբ է պահում իր Սուրբ Խորհուրդների շնորհը»։
Աղոթքով՝ Տ. Հեթում քահանա Թարվերդյան





