60-ամյա դադարից հետո առաջին անգամ թաղման արարողություն է իրականացվել Սուրբ Կիրակոս եկեղեցում

20

Մերձավոր Արևելքի ամենամեծ եկեղեցիներից մեկը համարվող Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում 60-ամյա դադարից հետո առաջին անգամ թաղման արարողություն է կատարվել։ Մասնավորապես իրականացվել է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի ավագ քրոջ՝ Սյուսլյու Բաքըրի թաղումը։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը։

Աղբյուրի համաձայն՝ Դիարբեքիրի Սիլվան (Տիգրանակերտ) գավառում 92 տարեկան հասակում վախճանված Սյուսլյու Բաքըրի թաղման արորղությունը կատարվել է իր իսկ եղբոր՝ Արամ արքեպիսկոպոսի ձեռամբ։ Արարողությունից հետո Աթեշյանը, լրագրողների հարցերին պատասխանելով, նշել է, որ Սուրբ Կիրակոսն իր քրոջ սիրելի պաշտամունքի վայրերից մեկն է եղել, և հավելել․

«Շնորհակալ եմ արարողության մասնակիցներին։ 50-60 տարուց հետո առաջին անգամ այստեղ թաղման արարողություն ենք կատարում։ 2011 թ․ այս եկեղեցում պսակադրություն էլ էինք արել։ Դժբախտաբար, ընդհարումների հետևանքով մեր եկեղեցին վնասվել էր։ Այն վերանորոգվեց նախարարության կողմից։ Մենք այս տարածքների զավակներն ենք։ Հայ, հույն, ասորի թե հրեա՝ բոլորս մի ընտանիք ենք։ Եթե կարելի է իրար սիրել, գրկել և հարգանք տածել միմյանց նկատմամբ, ապա ինչու՞ անջատված լինենք։ Հուսով եմ, որ այս երկրում բոլորս կապրենք եղբայրաբար։ Այսօր ևս այս համայնքը ցուցադրեց իր եղբայրական վերաբերմունքը։ Մուսուլմանները, այլ հավատք դավանողները՝ բոլորն այստեղ էին։ Նրանք իրենց սերն ու հարգանքը ցուցադրեցին մեր հանդեպ։ Եկեղեցին վերանորոգվեց և բացվեց արարողությունների համար։ Այստեղի մեր հայ քաղաքացիների թաղման, պսակադրության և մկրտության արարողությունները ևս այստեղ են իրականացվելու։ Այո, դա շահում էր, որ ձեռք բերվեց մեր պետության շնորհիվ։ Եկեղեցին պետք է ապրի այլևս»։

Այնուհետև Սյուսլյու Բաքըրի աճյունը եկեղեցուց հանվեց և թաղման նպատակով տարվեց ասորական գերեզմանոց։

Հիշեցնենք, որ Սուրբ Կիրակոսը վերանորոգումից հետո վերաբացվել է այս տարվա մայիսին։

Akunq.net