Azg.am-ի զրուցակիցն է, «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքի կողմից կազմակերպված «Շրջափակված Արցախ» մրցույթի մասնակից, ստեփանակերտցի Կարինե Պետրոսովան։
-Կարինե՛, ադրբեջանցիները Հակարիի կամրջի վրա հսկիչ անցակետ են տեղադրել, և ինչպես պարզ է դառնում սոցիալական ցանցերում նրանց տարածած տեսանյութերից, արցախցիներին սեփական հայրենիք մուտք գործել թույլ են տալիս բացառապես նրանց փաստաթղթերն ու ավտոմեքենաները մանրակրկիտ ստուգելուց հետո։
Մտավախություն չունե՞ք, որ ադրբեջանական կողմը նմանօրինակ տեսանյութերը քարոզչական նպատակներով կօգտագործի միջազգային հարթակներում՝ ցույց տալու, թե իբր՝ «Տեսե՛ք, այստեղ որևէ վատ բան չկա, անվտանգության նկատառումներից ելնելով՝ մենք ստուգում ենք, հայերն էլ առանց ընդդիմանալու անցնում են. ուրեմն՝ երկու ժողովուրդները կարող են նաև խաղաղ համակեցություն վարել ադրբեջանի իշխանության ներքո»։
-Ադրբեջանի կողմից անցակետը տեղադրելը նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի ևս մեկ կոպտագույն խախտում է։ Տեսանյութերում նկարահանված արցախցիները Հին Շենի բնակիչներն են. նրանք լրիվությամբ շրջափակված էին, ու Արցախի հետ կապը կտրված էր։ Ըստ Հին Շենի բնակչի՝ ռուս խաղաղապահներն իրենց հավաստիացրել էին, թե անցակետում միայն ռուսներ են։ Նրանք շոկի են ենթարկվել, երբ տեսել են ադրբեջանցիներին։ Բացի այդ՝ տեսանյութերում ցուցադրված չէ այն մասը, երբ թուրքը մեր հայրենակցին ասել է՝ է՛լ չգաս, չհամարձակվե՛ս անցնել։
Սա ուղղակի շոու է, որով Ադրբեջանը փորձում է աչքակապություն անել և միջազգային հանրությանը հավաստիացնել, որ՝ տեսե՛ք, ճանապարհը բաց է։
Արցախցին բացառում է անցնել այդ «անցակետով»։ Թշնամու հետ կարելի է ընդհանուր հայտարարի գալ այն դեպքում, եթե թշնամիդ թուրք չէ։
-Նման պայմաններում փորձե՞լ եք կամ կփորձե՞ք հատել ադրբեջանցիների կողմից վերահսկվող անցակետով։ Ինչպե՞ս եք պատկերացնում, որ Ձեզ՝ որպես բնիկ արցախցու, ադրբեջանցիները թույլ տան մուտք գործել սեփական հայրենիք միայն մանրազնին ստուգելուց հետո։
-Դեռ ոչ ոք չի փորձել անցնել՝ բացառությամբ, կրկնեմ, Մեծ Շենի բնակիչների, որոնք ճարահատյալ արել են այդ քայլը՝ սնունդ և դեղորայք գյուղ հասցնելու համար։
Ես հրաժարվում եմ անցնել, այդ անցակետով, առավել ևս անցնել նրանց մանրակրկիտ զննման սարքերով։ Արցախցի տղամարդիկ էլ իրենց վտանգի են ենթարկում՝ անցնելու այդ անցակետով, քանի որ ադրբեջանցիները նրանց ահաբեկիչներ են համարում։
-Կարինե՛, Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Գորիսից իրենց բնակավայր վերադարձի ճանապարհին անցակետում արցախցիները հանդիպել են ադրբեջանցիների: Վերջիններս, ԱՀ քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, ինչից հետո միայն թույլ են տվել մուտք գործել Արցախ։
Արդյոք համոզիչ եք համարում ԱՀ պետնախարարի այս հայտարարությունը, եթե հաշվի առնենք, որ մեկ շաբաթ է՝ մամուլում, սոցիալական ցանցերում բազմաթիվ նյութեր, տեսանյութեր և ֆոտոշարքեր էին շրջանառվում ադրբեջանցիների տեղակայած անօրինական անցակետի վերաբերյալ, և դժվար թե այդ հատվածով երթևեկած քաղաքացիները նախապես դրա մասին չիմանային:
-Պետնախարարի քայլերը ուղղված են հայությանը, ՀՀ կառավարությանը, սփյուռքին, որպեսզի նրանք վերջնականապես երես չթեքեն Արցախից։
Եթե անցակետը մնա, ապա դա կնշանակի, որ Արցախը լրիվությամբ մնացել է մեն-մենակ՝ առանց Մայր Հայաստանի, առանց սփյուռքի։