Որոշ լրատվամիջոցներ ակնհայտ ապատեղեկատվություն են տարածել, թե իբր Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը վիճաբանություն է ունեցել քաղաքացու հետ. հայտարարություն է տարածել Ստեփանավանի համայնքապետարանը:
Նշենք, որ երեկ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկություն է տարածել, որ քաղաքացին անձնական հարցով այցելել է Ստեփանավանի համայնքապետարան, նրա վրա հարձակվել է համայնքապետը և դանակով հարվածել կոկորդին։
«Այն որ քաղաքացի Գագիկ Կարապետյանը համայնքապետարան եկել է, փաստում են համայնքապետարանի տեսախցիկները։ Այդ նույն տեսախցիկները փաստում են նաև, որ նա համայնքապետարանի շենքից դուրս է եկել առանց որևէ վնասվածքի։
Քաղաքացին, գտնվելով համայնքապետարանում, դրսևորել է ոչ ադեկվատ պահվածք, հայհոյել է, խոչընդոտել է համայնքապետարանի բնականոն աշխատանքը, որի հիմքով համայնքապետարանը դիմել է ոստիկանություն՝ քաղաքացու կողմից հասարակական կարգը պահպանել պարտադրելու խնդրանքով։
Ավելի ուշ, քաղաքացին ևս մեկ անգամ նկատվել է համայնքապետարանի բակում, սակայն եղել է ոչ ադեկվատ վիճակում, փորձել է կրկին մուտք գործել համայնքապետարան, սակայն պահակը ներս չի թողել։
Որտեղից են հայտնվել արյան հետքերը քաղաքացու դեմքին և վերնաշապիկին՝ համայնքապետարանը տեղյակ չէ, համարում է, որ դա պետք է պարզեն իրավապահ մարմինները։
Հորդորում ենք բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք տարածել են ակնհայտ սուտ տեղեկությունը՝ հրատապ հերքել այն»,-ասված է հաղորդագրության մեջ։
Որպես լրատվամիջոց՝ Azg.am-ը հայտարարում է, որ Ստեփանավանի միջադեպի մասին տեղեկությունը տարածել է՝ հիմնվելով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հրապարակման վրա և նրան հղում անելով, որը նույնքան ուժ ունի, որքան Ստեփանավանի համայնքապետարանի տարածած վերոնշյալ հայտարարությունը։
Որևէ լրատվամիջոց պարտավոր չէ հերքում տարածել, քանի դեռ սկզբնաղբյուրը չի հերքել իր իսկ տարածած լուրը։
Կարդացեք նաև՝ Ստեփանավանի քաղաքապետը դանակով հարձակվել է քաղաքացու վրա և փորձել կոկորդը կտրել