Բանակի մարտունակությունը սովորաբար չափվում է մարտի դաշտում, իսկ 2022-ի սեպտեմբերի 13-14-ի նախահարձակ գործողությունների արդյունքում Ադրբեջանը կարողացավ ՀՀ բավական զգալի տարածքներ, մի քանի տասնյակ հենակետեր և ռազմավարական բարձունքներ զավթել։ Այդ օրերի դեպքերը ցույց տվեցին, որ հակառակորդն, այնուամենայնիվ, փաստացի առավելություն ունի, իսկ ՀՀ իշխանությունը դյուրին կերպով քանդում է բանակը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Եթե անգամ հայ զինվորն ու սպան քաջաբար կռվում են, դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է՝ հաղթելու ռազմական գործողությունների կամ պատերազմի ժամանակ։ Կան նաև զինտեխնիկայի, հրամկազմի՝ զորքերի կառավարման և մարտական խնդիրները ճիշտ դնելու, կատարողականը հսկելու ցուցիչներ։
44-օրյա պատերազմի ժամանակ հակառակորդը, ունենալով գերազանցություն օդում, առաջին մի քանի օրում կարողանալով ոչնչացնել մեր տեխնիկայի զգալի մասը, այնուամենայնիվ չկարողացավ կարճ ժամանակում ճեղքում ապահովել։ Հայկական կողմն էֆեկտիվ կռվում էր, սակայն պարտության բուն պատճառն, ըստ իս, զորքերի վատ կառավարում էր, իսկ որոշ տեղերում՝ կառավարման բացակայությունը»,- ասաց Հայկ Նահապետյանը։
Ռազմական փորձագետի համոզմամբ՝ դատելով 2020-ի պատերազմի կադրերից՝ շատ դիրքերում հայ զինծառայողներն առանց կրակելու հանձնվում են ադրբեջանցիներին, ինչը, բացի օրենքի խախտում լինելուց, միաժամանակ ակնհայտ է դարձնում, որ նրանք չկրակելու հանցավոր հրաման ունեին։
«Իդեպ, այդպես եղավ նաև Սև լճի շրջակայքում, երբ հակառակորդն առանց կռվի գրավեց մի քանի ռազմավարական բարձունք, և այդ տարածքն ամբողջությամբ անցավ նրա վերահսկողության տակ։
Թե որքանով են ՀՀ գործող իշխանությունները, ԶՈՒ պատասխանատուներն իրավիճակին տիրապետում կամ բանակը վերազինում, ցույց են տալիս երկրի քաղաքական ղեկավարության՝ մեզ զենք չվաճառելու, ՀԱՊԿ-ի անգործության վերաբերյալ հրապարակային հայտարարությունները։ Սա ընդամենը պարտությունների արդարացման նպատակ է հետապնդում»,- ասաց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ դեռ 2018-ի ամռանը Նիկոլ Փաշինյանը խոստովանեց՝ ինքը մարտունակ բանակ է ընդունել։
Վերջում Հայկ Նահապատյանն ընդգծեց՝ սեպտեմբերյան դեպքերին պետք է հետևեր պաշտպանության նախարարի հրաժարականը, սակայն նման բան տեղի չունեցավ, ավելին՝ Ազատ գյուղի ողբերգական դեպքը ևս մեկ անգամ հստակ ցույց տվեց, թե երկրի ղեկավարությունն ինչպես է ապահովում զինանձնակազմի կեցության և անվտանգության հարցերը։