Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 24-ին Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում մասնակցել է բարերար Վլադիմիր Ավագյանի միջոցներով կառուցված բազմաֆունկցիոնալ մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:
Երկրի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել Վլադիմիր Ավագյանին՝ «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի» ծրագրերի շրջանակում սեփական միջոցներով անցած տարիների ընթացքում Արցախում իրականացրած շուրջ տասը միլիոն ԱՄՆ դոլարի բարեգործական նախագծերի համար: Նա ընդգծել է, որ հերթական նախաձեռնությունը կարևոր գործոն է լինելու մատաղ սերնդի առողջ ապրելակերպի և հագեցած առօրյայի ապահովման համար:
Նախագահ Հարությունյանը հյուրերի հետ ծանոթացել է մարզական կենտրոնի ժամանակակից պայմաններին, հետևել պատանիների ցուցադրական պարապմունքներին: Միջոցառմանը ներկա էին նաև Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, Արցախի ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ, շրջանային վարչակազմի պատասխանատուներ, հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից, այդ թվում՝ Ռուսաստանի հայերի միության ներկայացուցչական պատվիրակությունը: