«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հարգելի՛ հայրենակից,
Վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցավոր ագրեսիայի, հարկադրանքի և պարտադրանքի քաղաքականության հերթական դրսևորումների և Հայաստանի օրվա իշխանությունների պարտվողական կեցվածքի հետեւանքով հայաթափման ու թշնամուն հանձնելու վտանգի առաջ են հայկական նոր բնակավայրեր։ Փաստացի արձանագրվել է նաև կոնկրետ ժամկետ՝ օգոստոսի 25-ը, որի կանխման պատասխանատու իշխանությունները նույնիսկ որեւէ դիրքորոշում չեն հայտնել:
Նոյեմբերի 9-ի փաստաթղթով սահմանված ժամկետից շուտ սպառնալով փակել Հայաստանն Արցախին կապող միջանցքը և պահանջելով իրեն հանձնել հարակից բնակավայրերը՝ Ադրբեջանն ակնհայտորեն հերթական անգամ խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։
Վերոնշյալ եռակողմ հայտարարությունը որևէ կետով չի նախատեսում ճանապարհաշինության նպատակով բնակավայրերի հանձնում, չի պարունակում նաև դրույթ, որի համաձայն նոր ճանապարհը պետք է շրջանցի Բերձոր, Աղավնո եւ Սուս համայնքները։ Ըստ էության, նման իրավիճակը ցեղասպան վարքագիծ է` միջազգային նորմերի լույսի ներքո:
Հետևաբար՝ ականատեսն ենք միջազգային իրավունքի հերթական կոպտագույն խախտումների, ակնհայտ ապօրինի պահանջների, իսկ Հայաստանի և Արցախի իշխանությունների կողմից դրանք փաստացի բավարարելու պատրաստակամությունն առնվազն հիմք է՝ պնդելու, որ կրկին գործ ունենք ժողովրդի թիկունքում ձեռք բերված համաձայնությունների, «բանավոր փոխըմբռնման» ու բանավոր պայմանավորվածությունների հետ։ Օգոստոսի 25-ը որպես վերջնաժամկետ հանրությանը հրամցնելը հենց դրա հերթական վկայությունն է:
Այս իրադարձությունները կրկին վերահաստատեցին մեր համոզմունքն առ այն, որ միակողմանի զիջումների գնով առաջարկվող խաղաղությունը չի կարող իրական, կայուն ու երկարաժամկետ լինել։ Հայաստանի իշխանությունների անհետևողական, անորոշ քաղաքականության պատճառով չկա պատշաճ համագործակցություն և ոչ մի ուղղությամբ՝ լինեն խաղաղապահ ուժերը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը, թե ընդհանրապես՝ միջազգային կառույցները։
Պարտության խորհրդանիշ դարձած իշխանությունների հետ Հայաստանի ու Արցախի պարտությունը շարունակվում է՝ ամեն օր սպառնալով անդառնալի նոր կորուստների։
Հայ ժողովրդի համախմբումն այսօր հրամայական է՝ անկախ այս իշխանությունների գծած բոլոր բաժանարար գծերից, հետևողականորեն հրահրած ատելությունից։ Հրամայական է համազգային համախմբումը՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությամբ։ Օրվա իշխանությունները, սպասարկելով թուրք-ադրբեջանական շահերը, փաստացի համատեղ այդ ուժերի հետ իրականացնում են Արցախի հայաթափման ծրագիրը:
Պարտության անիվն օր առաջ կանգնեցնել է պետք, ինչը հնարավոր է բացառապես օրվա իշխանությունների հեռացմամբ: Միայն այդ դեպքում է հնարավոր եղածը պահպանել, նոր կորուստներից խուսափել ու իրական խաղաղության հասնել»։